Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում և ժառանգություն է մնում դարերի ժառանգներին։ Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղ՞՛քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին։ 0, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում։ Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր— ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը ևս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը։ Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում, ահա թե ինչ, ահա՛ թե ո՞րտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը— ահա ամենաէականը։—

Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը, կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին և իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միևնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,— պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»։ Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և ուտխը», և ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին— մայրենի լեզվին։ Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը և կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ—այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»։ Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի և հայրենիքի, այսինքն, մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն