Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»— հոգին։ Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք և կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.— ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը։ Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին— կենդանի է և մարմինը։ Ինչքան էլ լեզուն «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որևէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից՝ կառչել է մյուսին և այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս։ Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչև օրս, որովհետև նո՜ր, նո՜ր և պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,— ի՞նչ, ի՛նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն, ես կասեի՝ հոգի առանց մարմնի, հոգևոր ազգություն։ Որովհետև, այո, մայրենի լեզո՜ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից— և նրա նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ և շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի և Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչև օրս, հարգելի հանդիսականներ, ո՞րն էր, այո,— կենդանի Նաիրին։— Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք և բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ,— հիշում եմ ձայնը բարձրացնելով՝ մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգևորված, Մազութի Համոն.— ես խոսում եմ հիմա Հոգևո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,— և այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի։ Առաջին՝ մարմնավորի, հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը և նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,— այնտեղ է, ասենք— Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է— Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգևորի իմաստով— Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի։ Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա. չի