Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին...Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից-աշխարհ թափառական նաիրցին։ Ելել է նա, նաիրցին —հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին։ Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին։ Եվ արդեն —արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին —աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա...» «Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»։

Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից։ Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ։ Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց և նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչև անգամ Կինտաուրի Սիմոնը —Կլուբի Մեյմունը, ձայն առավ և... համարյա թե խոսեց։

«Դուք գիտեք,—ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,—որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն— ոսոխին։ Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,—մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն։ Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը և կարող են ունենալ մեր հարցի համար։ Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո՛, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար