Կողբացին գրել է. «Եթե մեկը երկաթից խոփ, գերանդի կամ մանգաղ է պատրաստում՝ բարի գործ է անում, իսկ եթե սուր, գեղարդ կամ նետ՝ չար գործ։ Չարության պատճառը երկաթը չէ»։ Մեղավորը ծաղիկը չէ, երկաթը չէ, ուսմունքը չէ, մեղավորը նա է, որ ծաղիկը, երկաթը, ուսմունքն ի չարն է գործադրում՝ հասկանալով կամ չհասկանալով (արդյունքի համար միևնույն է թե ինչպես): Սա է «Ընկ. Բ. Փանջունու» գլխավոր միտքը, որ Օտյանն արտահայտել է երգիծաբանի իր մեծ տաղանդով, գործի դնելով հեգնաբանության այն դժվարին և նուրբ եղանակը, երբ մարդն իր մտքերի ու արարքների մասին խոսում է մեծ. գոհունակությամբ, խորին համակրանք ակնկալելով՝ հարուցում է ճիշտ և ճիշտ հակառակը։ Եվ այն, ինչ մենք մինչև հիմա էլ դժվարանում ենք հասկանալ, շատ լավ հասկացել է Օտյանի գրվածքը նկարազարդողը՝ սփյուռքահայ երևելի ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը, որ գրել է երկն իր ծաղրանկարներով տպագրվելու առիթով. «Թե ինչպես կործանիչ կրնան ըլլալ նույնիսկ լավագույն սկզբունքներ և բանաձևեր, երբ անոնք կը փորձվին կիրարկվիլ թերուս, իմաստակ և երազատես անպատասխանատու մարդոց կողմե, որոնք կը գործեն առանց երբեք նկատի առնելու զիրենք շրջապատող պայմանները։ Ահա՜ գրքին բարոյական դասը»։ Մեզ մնում է ավելացնել, որ այդ դասն այսօր էլ չի կորցրել իր իմաստը, ուրիշ խոսքով՝ Օտյանի գործն ունի նաև արդիական արժեք։ Փանջունին և փանջունիները չեն մեռել, նրանք և՜ ապրում են, և՜ գործում։ Դա առավել ևս ակներև է այսօր, երբ մեր երկիրն ապրում է հնացած ու քարացած պատկերացումներից հրաժարվելու, նոր մտածողության տիրապետելու անկասելի ձգտումներով։ Երբ, վերջապես, դատապարտվում են մեր պատմության մոտիկ անցյալի այն մեղավոր գործիչները, որ չորս բոլորն ավեր են սփռել՝ նվիրական գաղափարների անունից։ Երբ հիմա էլ կարելի է տեսնել մարդկանց, ում գլուխն է մտել գաղափարի մեջ և ոչ թե գաղափարը՝ գլխի, ուստի և պատրաստ են ոտքի տակ տալ ամեն բարոյական արժեք՝ բնավ չկասկածելով, որ իրենց արածը ոչ թե հօգուտ գաղափարի է, այլ ի վնաս գաղափարի։ Ոչ մի տարակույս, որ ռուս հայտնի գրողներ Ալեքսանդր Բուլգակովի և Անդրեյ Պլատոնովի ստեղծագործությունը նրանց դեմ է, մեծ ու փոքր փանջունիների դեմ, սոցիալիզմի իդեալները խեղող և խեղաթյուրող գաղափարագարների դեմ։ Նրանք հիմա էլ կան։ Բերեմ մի օրինակ, որ կարդացել եմ լրագրող Ֆյոդոր Բուռլացկու հոդվածում. «Ոչ այնքան վաղուց ինձ վիճակվեց Չինաստանից վերադառնալուց հետո պատմել այնտեղ կատարված բարեփոխումների մասին։ Մասնավորապես այն մասին, թե ինչպես ընտանեկան կապալի օգնությամբ 11
Էջ:Ընկեր Փանջունի.djvu/10
Արտաքին տեսք