Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փանջունին շարունակվում է... և ոչ միայն Վասպուրականում կամ տարագրության մեջ, ուր նրա մտածողությունը հասնում է մի նոր աստիճանի. «Թերևս հաջողվիմ միայն քանդել, այդ արդեն բավարարություն կուտա ինձ», «Աշխարհի մեջ հիմարություններով միայն կարելի եղած է նոր կյանք ստեղծել...» Փանջունին հավերժական Է, ինչպես Սերվանտեսի Դոն Կիխոտը, ինչպես Տարասկոնցի Տարտարենը՝ Ալֆոնս Դոդեի եռագրության հերոսը։ Սփյուոքահայ քննադատության մեջ արվել են Փանջունուն այդ հռչակավոր կերպարների հետ համեմատելու փորձեր։ Այդօրինակ համեմատության կռվանները թույլ են։ Դոն Կիխոսի և Փանջունու միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ կատարելապես անիրատես են, չեն նկատում իրենց հետապնդած գաղափարների և իրական հանգամանքների միջև ընկած անդունդը։ Բայց Վշտակերպ ասպետը գործում է անձնվեր և անշահ, մարդասիրական ազնիվ մղումներով, այլասեր է այն աստիճան, որ պատրաստ է կյանքը զոհել հանուն այլոց, մինչդեռ Փանջունուն օտար է մարդասիրությունը, անծանոթ է այլասիրության վսեմ զգացումը, նա եսասեր է և առանց աչքը թարթելու ուրիշներին կզոհի հանուն իր անձի։ Նրա շահամոլությունը պարզ երևում է «կենտրոնին» հղած իր նամակներն ավարտող պարտադիր տողերից. «Մի քիչ փող ղրկեցե՜ք ինձ», «Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է ինձ համար», «Մի վերջին բառ. փող ուղարկեք», «Փող ուղարկեցե՜ք իմ նոր հասցեին» և այսպես շարունակ։ Եռագրության հաջորդ մասերում ավելի ակներև է դառնում նրա շահադիտական Էությունը։ Դոդեի Տարտարենը ևս անմեղ արարած է Փանջունու համեմատությամբ։ Նման է Օտյանի հերոսին անկասելի պառոտախոսությամբ և դատարկամիտ է նրա պես, բայց նա իր հետևից ավերակներ չի թողնում և հետո էլ պարծենում արածով։ Գրական ամեն մի դասական գործ, ամեն մի արժեք պատկանում է ոչ միայն իր ժամանակին, այլև ապագային, պարունակում է իր մեջ մի մեծարժեք հատիկ, որ մնայուն Է։ Ո՜րն է «Ընկ. Բ. Փանջունու» այդ մեծարժեք, մնայուն հատիկը, որ իրենն է՝ Երվանդ Օտյանինը, նրա մտահղացումն է, նրա մտքի թափանցումը։ Այն, որ կարելի է խոսել, փրփուրը բերնին ճամարտակել մեծ գաղափարների անունից և իր վարքագծով, գործերով ու արարքներով լինել այդ գաղափարների թշնամին։ Մեղավորն ուսմունքը չէ, գաղափարները չեն, այլ դրանց ապաշնորհ, ապիկար գործադրողները։ Միևնույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն։ Դեռ ե՜րբ, դեռևս 5-րդ դարում Եզնիկ


10