Էջ:Ընկեր Փանջունի.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

կըցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.

— Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ՚ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ՚ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։

— Չ՚ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ՚ընե։

— Այդ անկարելի է։ — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։

— Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։

— Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,— մռնչեց Փանջունի,— ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը։

Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն։

Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացուց թե՝ հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքել վարժապետին։

Վարժապետը իսկույն կանչեց Փանջունին և՝

— Ինչո՞ւ ընկերոջդ գլուխը պատռեցիր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին՝ «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»։

— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիսթը հանդիսավորապես։

Հայրը տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.

— Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք…

Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ։ Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ։

22