Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ որ հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվնեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված, մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառան-