— Մեր գործը պրծավ...
Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands5–ներու զինվորներուն պես։ Իրավ է որ ութը տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրա՛վ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց. ափսո՜ս, ականջները ա՜լ սկսած էին հափրանալ։ Բաց աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներու և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ՝ օր մը պիտի վարժվինք դժոխքի կրակին. ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա։ Այն ատեն Փանջունի վճռական որոշում մը տվավ։ Պոլիսեն ավելի՝ հարկ անհրաժեշտ էր գավառը զարթեցնել, լուսավորել, հեղափոխել։ Ու մեկնեցավ Արաբկիր, անկե Ծապլվար, ուր հաստատեց իր գործունեության կեդրոնը։ Հետագա նամակներուն մեջ պիտի տեսնենք այս գործունեությունը, որ զուրկ չէ տեսակ մը վեհափառութենե, գոնե ոմանց համար։