Եվ, ահա, դեռ մինչև դարավերջը նա գրեց «Հեղափոխության մակաբույծները», գրվածքների մի շարք, որ ոչ այլ ինչ էք քան կեղծ հեղափոխականների ծաղրանկարների մի պատկերասրահ։ Պոռոտախոս ճամարտակությունն է նրանց գործելու ձևը, սեփական անձի խնամքը՝ նրանց մտահոգությունը, ազգային հերոսի հռչակը՝ նպատակը։ Օտյանը գիտեր, թե ով է իսկական հերոսը, «հրացանը ուսը զարկած, մեջքը ատրճանակ ու դաշույն կայտառ մարդ մը, բեխերը մինչև ականջն ի վեր, վառ աչքեր, խիզախ, աներկյուղ կերպարանքով, որուն տեսքը հույս մըն է իրեններուն ու սարսափ՝ թշնամիներուն համար։ Լեռները կապրի ան, իրեն պես կտրիճներու հետ։ Սուրհանդակին վրա կհարձակի, բանտերը կկոխե ու անմեղ բանտարկյալները կազատե, չարագործ հարստահարիչները կսպաննե, անզոր գեղացիները կպաշտպանե. ինքը՝ աոանձին՝ պատերազմ կմղե իշխանության դեմ»[1]։ Օտյանը խորին հարգանք ուներ ժողովրդական վրիժառուների նկատմամբ, իսկ կեղծ ու պատիր ազգային գործիչների հանդեպ՝ միայն արհամարհանք ու հեգնանք։ Այն պատեհապաշտների, որ կարող են այսօր մոլի հեղափոխական լինել, վաղը նույնպիսի հակահեղափոխական՝ նայած թե ո՛րն է շահեկան, ո՛րն է հարմար ու նպատակահարմար։ Ահա «Հեղափոխության մակաբույծների» հերոսներից մեկը. «Իր միակ անձնական սկզբունքը կրնանք բանաձևել սա կերպով. «Ամեն բանի ժամանակ կա, հեղափոխական ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ, սողալու ժամանակ և խայթելու ժամանակ, ճառ խոսելու ժամանակ և հանգանակություն ընելու ժամանակ…»[2]
Նույն այս գրվածքում կա մի դրվագ, որ կարևորություն ունի «Ընկ. Բ. Փանջունու» ստեղծագործական պատմությունը հասկանալու համար։ Մի անգամ Օտյանի բարեկամներից մեկը խորհուրդ է տալիս ուսումնասիրել սուտ հեղափոխականներից մեկի՝ Վարդհոգյանի տիպը։ «Անտանելի է, եղբա՛յր»,— պատասխանում է հեղնակը։ Խորհրդատուն առաջ է տանում իր խոսքը. «Գիտեմ որ անտանելի է, բայց միմիայն ի սեր արվեստին, ի սեր գրականության ըրե՛ այս բանը… հավատա՛, որ օգտակար գործ մը ըրած կըլլաս, եթե այդ տեսակ տիպարներ քիչ մը փորձես հասարակության ճանչցնել։ Գիտեմ, որ Վարդհոգյանի հետ ժամ մը տեսնվելով մեծ զոհողություն պիտի ընես, բայց հանուն հայրենասիրության, հանուն հեղափոխության ըրե՜ ասիկա…»[3]
Ունեցե՞լ է Օտյանն այդպիսի բարեկամ, թե սա պարզապես գրական