տի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։ Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։ Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ անտակտ գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ՛ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության, ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, ոևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։ Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։ Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։
Էջ:Ընկեր Փանջունի.djvu/65
Արտաքին տեսք