Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես երկու օր առաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց ձարո և ԿոլոշեԺնց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։ Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։ Եվ ահա երևցավ թափորը։ Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առին եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերեն՝ ցույցը պայթեցավ. — «Անկցի՜ն հետադիմականները, անկցի՜ն դավաճանները, անկցի՛ն սուտ դպրոցասերները, անկցի՜ն կեղծավոր ուսուցիչները, կեցցե՜ հեղափոխությունը, կեցցե՜ պրոլետարիատի ինքնագիտակցությունը, կեցցե՜ Ծապլվարի մտավորական երիտասարդությունը»,— աղաղակները օդը կը թնդացնեին։ Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։ — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։