Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողնված տան մեջ։ Հավերի կուտն ու շան լափը հոգալ, երբեմն գյուղը գնալ ժամ կամ ալյուրի. այս է նրանց կյանքը։ «Երևի այդպես երկար կշարունակվեր նրանց կյանքը, եթե չպատահեր մի տխուր դեպք». այսինքն չգտնվեր մի եղնիկ, որի հոգսն ավելանում է շան ու հավերի հոգսին, ինչ որ, սակայն, հաճելի է ծեր զույգին։ Շուտով կորչում է եղնիկը և պառավը կորուստի ցավից և որոնման հոգնությունից մեռնում է՝ թողնելով ծերունուն մեն-մենակ։ Ահա «Ժամկոչ Անտոնը», որ ցերեկը պեղում է աղբահարը, գիշերը իր կոպեկներն է հաշվում գյուղից հեռու, գերեզմանատան իր խցիկի մեջ, որ յոթ ամիս վիճել է կնոջ հետ 10 կոպեկի համար, մինչև որ սա թողել հեռացել է հորանց տուն, և որ չի վարանում նոր թաղած երեխայի գերեզմանը հետ քանդել գիշերով՝ իր կորցրած 7 ռուբլի 62 կոպ. գտնելու համար։ Ահա ինքնամփոփ «Ծեր Սոսին», որ մի տարում կորցնելով իր երեք որդուն և շուտով նաև կնոջը, մտածում է Աստծու անարդարության վրա և փորձում է հիշատակ թողնել՝ ծառեր տնկելով մեծ ճամփի կողքին, չի հաջողում և մեռնում է վշտահար։ Ահա անօգնական փոքրիկ «Հանեսը», որին հոր սպանողն ու մոր սիրեկանը, անշուշտ, մոր համամտությամբ՝ հեռացնում է քաղաք, որ իրանց չխանգարի։ Ահա «այրիացած Լևոն Ազիզյանը», որ մենակ ճաշում է իր ընդարձակ սեղանատանը, քրթմնջում է շարունակ, թե «հանգուցյալի» ժամանակ կերակուրները համով էին, դժգոհում է խոհարար Գրիգորից, բայց և պահում է, այլապես լիովին մենակ կմնար։ «Եվ այսպես ամեն օր» (Ճաշ)։ Ահա խանութպան Մինասը, որ վեց տարի է լրագիր է ստանում և «Բրիտանական ականակիրը Օստենդեի մոտ խարիսխ ձգեց»–ը այն մտքով է մեկնում իր ունկնդիրներին, թե «ռսները բոմբ գցեցին նեմեցների քաղաքի վրա»։ «Եվ լրագրի ընթերցումը շարունակվում է։ Նույնը կրկնվում է և հաջորդ օրերը» (Ընթերցողներ)։ Ահա վերջապես թեմական տեսուչը, որ ճամփից ուշացած ու հոգնած՝ հյուր է ընկել Տեր Սիմոնին. նա կուզեր քնել, բայց կամք չունի տեր հոր հեքիաթն ընդհատելու կամ նրա քացախից գլուխն ազատելու (Հայր Սիմոնը)։ Այդպես և մյուսները։

Այս խղճուկ կյանքը տանելի է դեռ՝ քանի միօրինակ է, անպատահար. սովորությունն աննշմար է դարձնում նրա անիմաստ ու ծանր ընթացքը։ Ամեն փոփոխություն, ամեն նորություն սակայն դառնում է աղետաբեր, խանգարիչ ու երբեմն ճաշակել տալով «սակավիկ մի մեղր»՝ բերում է թշվառություն։ Եփրեմ պապի զբոսանքի դուրս գալը նրա նվազած կյանքին վերջ է դնում (Պապն ու թոռը), «վերակացուի» սրտանց ճաշելը մի հոբելյանի հացկերույթին՝ նրա պաշտոնից արձակվելու պատճառ է դառնում։ Արդեն պառաված «Օր. Մարիամի» արթնացող հույսը, թե գալու