Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Փորձանք). ահա մի երիտասարդ, որ շուկայում ման է գալիս «ծանր ու մոլորուն քայլերով և շարունակ շուրջը նայելով, ինչպես տան հասցե որոնող օտարական», մի նոր շաքարաման ձեռին (Շաքարաման)։ Ահա Եփրեմ պապը, որ անտառի պռունգին ընկել է բերանքսիվար ու մեռել (Պապն ու թոռը)։ Ահա մի հանդիսավոր ճաշկերույթ, ուր չափազանց աղի ապուր են մատուցանում պատվարժան հյուրերին (Ջերմաչափ) և այլն, «անհասկանալի» դիպվածներ, որ «շատ են պատահում կյանքում» և որ Ստ. Զորյան ջանում է հասկանալ ու մեկնել։

Որքան և թափառիկ, բայց Ատ. Զորյանի ուշադրությունը գրավում են որոշ կարգի երևույթներ։ Նախ՝ անձերը։ «Մանուկ օրերից մինչև այսօր ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ»,– ասում է նա (Ծեր Սոսին) և հավանորեն դեպի մանուկները, կասենք մենք։ Համենայն դեպս մանկությունը հիշելով նա զգում է «մի անծայր սփոփանք» (Երկաթուղին)։ Իր «գործող անձերը» մեծ մասամբ ծերունիներ են, հասակն առած մարդիկ կամ մանուկներ։ Այսպես են «Բարեկամները», «Հրեշտակը», «Պապն ու թոռը», «Ջերմաչափը», «Սպիտակ տան բնակիչները», «Հանեսը», «Ծեր Սոսին» և այլն։ Հեղինակը սրանց պատկերում է մեղմ սիրով ու ջերմ սրտակցությամբ, մի տրտում համակրանքով, որ հատուկ է նկուն սրտերին։

Նկուն սիրտ է Ստ. Զորյան և աշխարհից ձեռնթափ։ «Համակերպություն», ահա իր հիմնական տրամադրությունը. իր սրտի պես համակերպած ու անզոր են և իր պատկերացրած անձերը՝ ծերունիներ ու հասակն առած մարդիկ, որ արդեն «վարել են իրանց վարը», և մանուկներ, որ անզոր են նույնպես։ Նրանք ապրում են անջատ, ամեն մեկը հլու իր ցավին ու ճակատագրին, որի դեմն առնելու անճարակ է կամ անզօր։ Անողոք ուժեր ծանրանում են ամենքի վրա, և պայքարը նրանց դեմ հարուցանում է ծիծաղելի կացություն, թշվառագին վիճակ կամ հանցանք։ Ահա թե ինչու իր պատկերները տոգորուն են տրտմությամբ։

Խղճուկ կյանք ունեն իր բոլոր «հերոսները», մենակ, մեկուսի, ինքնամփոփ, անօգնական, անճարակ, խեղճ են իրենց հոգով, մտքով ու կամքով։ Ահա գործակատար Պողոսը, հասակն առած ամուրի, որ սիրած մոր մահից հետո մի մտերիմ ունի՝ մոր թողած կատուն։ Ոտքի է ժամը վեցին, քնում է վաղ, «ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան՝ ինչ որ կպատահի»։ Ինքն է, իր կատուն, հաճախ բարեկամ, երբեմն գժտված իրար հետ։ «Եվ այսպես է անցնում նրանց կյանքն ամեն օր» (Բարեկամներ)։ Ահա «Սպիտակ տան բնակիչները» անզավակ ու ծեր մի զույգ, որ ապրում է շենից հեռու, անտառում, մեկուսի, մի