մեկնությանց, հետևապես հիմնական նյութերից մեկը գրականության պատմության։ Գրական երկերը հաճախ մեկնվում են փոխազդեցությսւմբ. մի երկ հղացվում և հորինվում է մի ուրիշ երկի դրդումով, բայց մեծ մասամբ երկերն արդյունք են ոչ թե գրական, այլ կենսական դրդման, որ պետք է որոշվի, ցուցադրվի և մեկնվի։
Գրական վաստակներին և նրանց հեղինակներին նայելով վերից՝ մեր աչքին ուրվագծվում են հասարակաց միտումներ ու դրդումներ, մտածումի, զգացումի և կամեցողության հանրային կերպար, որ ծնունդ են տալիս մի որոշ գրականության, որ ունի ուրույն ձև և բովանդակություն։ Գրականության ընդարձակ տեսադաշտի վրա երևացող այդ ուրվագծերը գրական հոսանքներն են, այսինքն հոգեկան ապրումների տարբեր կերպերը, որ հատուկ են որոշ ժամանակի։ Թեև ինչ որ ապրում և գործում է մարդ՝ միշտ մարդկային է, բայց ապրողն ու գործողը միշտ նույն մարդ չէ, ուստի պետք է ուշադիր լինել տարբերությանց ավելի քան հանգիտությանց, որովհետև տարբերությամբ է բնորոշվում մի ժամանակի մտայնությունը մյուսից և մտայնությամբ է զատվում գրականության մի կերպարանքը մյուսից։ Տարբերությունը դարից դար և փոխակերպման ընթացքը, որով տարբերանում են գրականության շրջանները՝ մեզ տալիս են գրականության ընթացքն ու պատկերը։ Եթե այդ տարբերացումն առաջացած է օտար ազդեցության տակ՝ այն ժամանակ պետք է զուգադիր ցուցադրվին մեր և օտար գրական հոսանքները և որոշագրվի այն, ինչ որ առած են մերոնք օտարից, պայծառորեն մատնանշելով՝ թե ինչ փոփոխություն կրած է օտարից առածը մեր միջավայրում։ Գրականության կյանքի այս կողմը լավապես հետազոտելու և մատնանշելու համար անհրաժեշտ է ընդարձակ ծանոթություն այն գրականությանց, որոնց ազդեցությունը նկատվում է մերինի վրա։
Այսպիսով կարող ենք ասել, թե գրականության պատմությունը մի ազգի հոգեկան կյանքի պատմությունն է նրա գրավոր հուշարձանների հիման վրա։ Հեղինակներն այնտեղ պետք է երևան իբր իմացական տիպարներ և երկերն իբր զգացումի, մտածումի և կամքի ցուցանիշեր, պետք է ցուցադրվեն այն հուները, որոնց միջով ընթացած է ազգի գրական ստեղծագործությունը և այն պատճառները, որ այս կամ այն կերպարանքը տված են այդ ստեղծագործության։
Մոտավորապես այս էր իմ ըմբռնումը գրականության մի հմտալից և լավ պատմության, որ սկզբում աղոտ և հետագային ավելի պայծառացավ,