Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ ծանոթացա Ա. Պիպինի ռուսաց գրականության և Հ. Տենի անգլիական գրականության պատմությանց։ Այս ըմբռնումն էր, որ կարծում էի, թե հնարավոր է գործի վերածել ջանադիր աշխատանքով։ Որքան ավելի ճանաչեցի օտար գրականություններ, այնքան ավելի անհնարին երևաց իմ ըմբռնումի իրացումը։ Չունինք մեր գրական ժսւռանգության լրիվ իրացանկ, չունինք գրական պատմական մասնակի հետազոտություններ, չունինք բնագիրների գիտական հրատարակություն։ Շատ մեծ և շատ գնահատելի աշխատանք կատարված է այս երեք ուղղությամբ, բայց ոչ լիովին, ոչ իսկ բավարար չափով։ Հին գրականության հետազոտությունը դեռ չէ դուրս եկած բանասիրական բովից։ Շատ երկերի երևման ժամանակն իսկ դեռ ստուգապես հայտնի չէ։ Նույն վիճակի մեջ է գրական գործերի գրապատմական հետազոտությունը. աղբյուրների և ագդեցությանց խնդիրների քննությունը հազիվ սկսված է։ Կան գրական ընդարձակ դաշտեր, որ դեռ խոփի չեն հանդիպած. այդպես են մեր դավանական և վարքագրական մարգերը։ Միջնադարյան մեր տաղերգուները նոր միայն ուշադրության և հետախուզումի առարկա դարձան։ Արևմտահայ հրապարակագրությունը դեռ պատմություն չունի, Հայոց քաղաքական մտքի պատմությունը հազիվ ուրվագծված է, բայց հիմնովին դեռ չի հետազոտված...Ո՜ր մեկն ասեմ և որը թողնեմ։ Գրականության պատմությունը մի համադրություն է, մի նոր կառուցում, որ կարիք ունի տաշած քարերի։ Տաշվածքը գրապատմական նյութերի նախնական մշակությունն է և զատ հեղինակների կյանքի և գործի հետազոտությունը։ Ոչ մեկ կյանք կարող է բավել այդ նախնական աշխատանքը կատարելու համար։

Ահա թե ինչու ստիպված եմ հրաժարվելու գրականության հմտալից և գիտական պատմություն գրելու իմ վաղեմի երազից՝ թերատ մի գործ շարադրելու համար։ Այս ընդարձակ էջերը ես գրեցի մեր Խորենացու պես ասելու, թե «Մի ոք աստանոր անուսումն զմեզ համարեալ բամբասեսցէ, իբրև զանվարժս ոմանս և զտգետս»։ Գիտեմ թե ի՛նչ պետք է և ի՛նչպես. բայց բավական չէ պայծառ գաղափար ունենալ գրականության լավ և հմտալից պատմության մասին, պետք է այդ գաղափարը իրացնել կարենալ գործնապես։ Եվ բավական չէ իրացնելու կարողություն ունենալ, պետք է նաև հնար ու միջոց։ Մի՛միայն Մխիթարյանք ունեն գրքերի և պարբերական մամուլի հարուստ հավաքածուներ, բայց այն տեղերը հասնելու ո՞վ ունի հնար ու միջոց, որ կարենա եթե ոչ մանրապատում հետազոտել, գոնե Խորենացու պես «Թեթևակի ընդ խորս դիվանին նավել»։ Հասկանալի է վարանքս, որով խուսափած եմ ձեռնարկելու