Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատկերներ և մտանկարներ։ Այդ հարուստ և մեծածավալ նյութը, որ կուտակվում էր աշխարհի ամեն կողմերից, տասնիններորդ դարի առաջին կեսին սկսեցին կարգի բերել ու խմբատել զանազան բաժինների։ Այստեղ պայծառորեն աչքի զարկեց այն ապշեցնող նմանությունը, որ նկատվում է շատ անգամ միմյանցից խիստ հեռավոր զրույցների մեջ։

Երևաց, որ բանաստեղծական ստեղծագործական բոլոր սեռերը, մասնավորապես լեգենդը, վիպակն ու հեքիաթը, զարմանալի միօրինակ են սյուժեների և պատկերների կողմից։

Երբեմն այդ նմանությունը կատարյալ է. այսինքն նույն են թե գործող անձերի անունները, թե գործողության տեղերը և թե պատմած դեպքերը։ Երբեմն նմանություն նկատվում է պատմվածքի ամբողջության մեջ, թեև գործող անձերն ու տեղերը, շատ անգամ նաև առանձին միջնադեպերը փոփոխվում են։ Վերջապես երբեմն էլ լիովին տարբեր բովանդակություն ունեցող պատմվածքների մեջ իրար նման են լինում միայն հատ-հատ միջնադեպեր ու մոտիվներ։

Առաջին շարքին են պատկանում այն գրվածքները, որոնք հայտնի են «թափառական կամ շրջիկ զրույցներ» անունով, օրինակ՝ «Տրովայի գրավման պատմությունը», «Ալեքսանդր Մեծի գործերը»[1], «Բաղաամի և Հովասափատի պատմությունը» և սրանց նմանները։ Երկրորդ շարքից կարելի է համարել հետևյալ սյուժեները. «Անջատված սիրահարներ», «Իմաստուն կույս աղջիկ», «Դևի փախցրած գեղեցկուհին», որտեղ դևը շատ անգամ փոխվում՝ դառնում է մի սիրուն տղա, «Ամուսնուց հալածված հավատարիմ կինը», «Մոխրոտիկ», «Քնած գեղեցկուհի», «Պարոն աղվես» և այլն։ Երրորդ խումբը, որտեղ մտնում են բազմաթիվ մանր հետաքրքրական մոտիվներ, ամենից հարուստն է։

Այս նմանությունը բացատրելու համար շատ մեծ աշխատանք են գործադրել։ Ոմանք ենթադրում են, որ նման պատմվածքները ստեղծվել են զանազան տեղեր՝ միմյանցից անկախ, բայց նման կուլտուր-պատմական պայմաններում: Սակայն այս ենթադրությունը կարելի է ասել միայն այն տեսակ պարզ սյուժեների համար, ինչպես, օրինակ, երկու անջատված սիրահարներն են կամ սրա նմանները։ Բայց շատ անգամ տարբեր տեղեր և տարբեր պատմաշրջաններում մենք պատահում ենք թեև երբեմն խճճված՝ նման պատմվածքների, որոնք բազմաթիվ և լիովին պատահական մանրամասներ ունեն, սրանք ևս, թեկուզ և հարևանցի, բայց նման են լինում իրար։ Այս տեսակ դեպքում մենք նմանությունը

  1. Այս զրույցները կան նաև մեր հին գրականության մեջ, առաջինը մինչև իսկ 5-7-րդ դարից։ Ն. Ա.