մեղք չի համարեր և ուր պիղծ ու չարագործ մարդ կա՝ անոր տունը հոն է։ Հետո կամբաստանեն, թե աղանդավոր է։ Այս առիթով Ղազար մեծ հմտությամբ կպաշտպանե ինքզինքը՝ հայտնելով թե Փրկչին հետևելով կզգուշանա «ի լրո» դատապարտել կասկածելի նկատված մարդիկը, որով կարծած են, թե ինքն ալ աղանդավոր է։ Ոչ դատավոր, ոչ իսկ քորեպիսկոպոս եղած է, որ շփում ունենա աղանդավորներու հետ. ինքնագլուխ վարդապետ չէ դարձած, զգուշանալով առաքյալի սաստեն։ Շատերու նման իր աչքի գերանը թողած՝ ուրիշներու աչքեն շյուղ հանել չէ ուզած՝ իր անձը մաքուր ցույց տալու մտահոգությամբ, բայց իրականին մեջ դրամ շորթելու համար։
Գալով բուն աղանդին, իր անձը անխոցելի կհամարե, նկատելով որ տարիներ շարունակ ուսումնասիրած է դավանաբան մեծ հեղինակներ՝ Աթանաս, Կյուրեղ Երուսաղիմացի և Ալեքսանդրացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Լուսավորիչ։ Իբր հերձվածող կհիշատակե Նեստորը և Եվտիքեսը։ Ուրեմն Եփեսոսյան ժողովի հետնորդ է։
«Հալածիչներս,– կգրե Ղազար Վահանին,– անտարբեր էին այն արուեստի հանդէպ, որու համար զիս կը գնահատէիր դուն։ Անոնց պէտք է ոսկի և արծաթ, որ չունէի, եղածն ալ ծախսեցի վանքիս վրայ։ Խոհակերութեան վարժ չէի, որ անոնց քիմքը պարարէի»։
Նախանձորդները երբ կհաջողին պաղեցնել Վահանի սիրտը Ղազարեն, կհարձակին վանքին վրա, կվռնտեն Ղազարը, կհափշտակեն անոր անձնական գույքն անգամ։ «Մինչև իսկ յունարէն գիրքերս ինձ չտուին– կգրե ան,– և մնացին ցեցի կեր. գոնէ կարենային կարդալ և օգտուիլ...»։
Ղազար երևելի սեպուհ մը կղրկե ժամանակի կաթողիկոսին, որ օգնության հասնի, բայց կաթողիկոսը, վախնալով հզոր նախանձորդներեն, չի համարձակիր որևէ օգնություն հասցնել. թեև իր կարծիքով Ղազարը «զարդ էր եկեղեցու»։ «Ես,– կհայտնե կաթողիկոսը իր պատասխանին մեջ,– կը վախնամ երեսդ անգամ տեսնելու, իսկ դուն կըսես, թէ գամ բժշկեմ քեզ կամ թաղեմ։ Եթե իմանան, զիս ալ քեզի հետ միասին կը թաղեն...»։
Եվ Ղազար ցասումով կբողոքե հոգևոր պետին այս վախկոտության դեմ. «Ու՞ր աներկիւուղութիւն քաջ հովուի է. ու՞ր հոգողութիւն արդար ուսուցչի»: Այո՛, վարիչներուն մոտ մասնավոր խոսակցությանց ատեն, կաթողիկոսը երբեմն կպաշտպանե Ղազարը, ըսելով, թե «ճիշդ չեղաւ անոր հեռացումը, քանզի զարդ էր եկեղեցվոյ». Բայց ձայն չի հաներ... երբ դիմացինները պատասխան կուտան, նորեն կչարախոսեն արդար Ղազարը։