Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանգամայն նպաստավոր է ամեն կարգի կոտորածների համար, այնպես որ ոչ ոք չի կարող պնդել, թե այդ լուրերը անհավանական են։ Իսկ կոտորածների լոկ հավանականությունն էլ արդեն բավական է՝ լուրջ մտահոգությունների մեջ ընկնելու համար։

Այո, կոտորածների հավանականությունը ժխտելու պատասխանատվությունը ներկա հանգամանքներում ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել, որովհետև նա արդեն շատ մեծ է։

Մինչև այժմ մենք մի վտանգ աչքի առաջ ունեինք, այն է, որ քրիստոնյա զորքերից պարտված տաճիկ զորքը և երեկվա իր ռայայի առաջ ընկճված և ստորացած մահմեդական խուժանը այլևս ուրիշ ասպարեզ չունենալով ռևանշի համար՝ իրենց մաղձը թափելու են քրիստոնյա հայ ժողովրդի գլխին։ Բայց այս վտանգի դիմաց կար և այն ենթադրությունը, թե տաճիկ կառավարությունը, եթե ուրիշ բան էլ չլինի, գոնե ի նկատի ունենալով իր միջազգային փափուկ դրությունը՝ ներկայումս չի թույլ տա հայկական ջարդեր առաջ բերել։ Եվ այս միանգամայն հավանական ենթադրությունը մեզ վստահություն էր ներշնչում փոքր ինչ հանգիստ սրտով նայելու տաճկահայ ժողովրդի գեթ մոտավոր ապագային։ Սակայն վերջին օրերում Բոսֆորի ափերին տեղի ունեցած դեպքերը լուրջ կերպով խախտում են մեր այդ վստահությունը։

Բալքանյան ճգնաժամի առաջին իսկ օրերից մի էական փոփոխություն նկատվեց երկրի ներքին կյանքում. այդ այն է, որ կանգ առան ներքին տարաձայնությունները հակառակորդ կուսակցությանց միջև։ Արտաքին թշնամու դեմ երկիրը պաշտպանելու պահանջը այնքան մեծ և հրամայական էր, որ երիտասարդ թյուրքերը մի կողմ դնելով իրենց ներհակությունը ամեն կերպ աջակցում էին ներկա կառավարությանը՝ դուրս բերելու երկիրը այս ծանր վիճակից։ Դադարել էին երկրի մեջ վաղեմի մաքառումները և ստացվում էր այն տպավորությունը՝ որ տաճիկ կառավարությունը, որքան էլ տկար լինի արտաքին գործերում՝ գեթ իր ներքին գործերում այնքան ուժեղ է, որ կարող կլինի ջարդերի առաջն առնել։

Բայց ինչպես երևում է, արտաքին պատերազմը ոչ թե վերացրել է Տաճկաստանի ներքին կյանքից այնքան վնասակար երկպառակությունը, այլ միայն մոխրով ծածկել է այն։ Եվ այդ մոխրի տակ կուսակցական պայքարն ու իշխանասիրական ինտրիգները կատարել են իրենց ավերիչ դերը մինչ այն աստիճան, որ այլևս ոչնչով նրանց ծածկել չէր կարելի։

Երեկվա հեռագիրները հաղորդեցին, որ երիտասարդ թյուրքերը դավադրություն են կազմել՝ զորքը ներկա կառավարության դեմ ապստամբեցնելու