արևածագային, և՛ Ավստրալիան խաղաղական ջրերում, «հազարք հազարաց և բյուրք բյուրոց», անթիվ մանր ու խոշոր միություններ, այլաբարբառ, բայց նույնիմաստ՝ նույն տենչն ունեն - ազատագրել իրենց, նույն փափագը - ազատագրել մարդկությանը արտոնվածի, կեղեքչի և բռնավորի լուծից և ստեղծել մի հոյակապ, նոր մարդկություն -աշխատավոր մարդկության հսկա և համերաշխ միություն, որ զգում է թե առժամավոր տերն է այս գեղեցիկ երկրագունդի, որ լողում է այսքան սքանչելի աստեղաչյա երկնքում. մի բազմություն, որ այսօր աշխատում ու վայելում է աշխարհում - ինչպես բանվորը համայնացած գործարանում և հողագործը համայնացած հողի վրա. և ուրեմն ի՜նչ սեփականություն, ի՜նչ բռնություն, ի՜նչ տառապանք, ի՜նչ տանջանք, ինչու՞ համար, ու՞մ համար, մի աշխատավոր, ուրախ մարդկություն, առույգ ու գեղեցիկ, ուրույն, բայց նույնարժեք հաճույքներով. աշխարհը տուն ամենքին, աշխատանոց և հանգստավայր, ուր չկա զրկում ու կեղեքում, գռեհիկ անկումներ և մտքի ու նյարդի հանցավոր նրբացումներ, այլ հանրօգուտ միտք, առողջ զգացում և խաղաղություն տիեզերական։
Քրիստոնեությունը դարձավ կեղծիքի կրոն և բռնության դաշնակից, հողատեր դասերն ստեղծեցին ստրկություն ու ճորտություն, դրամատեր դասը - ազգային պետություններ և աշխարհավեր մրցումներ. աշխատավոր դասերը, որ տալիս են զենք ու զորք և հենարան դառնում բռնության, այսօր աղոտ, բայց վաղը լուսապայծառ մերկությամբ պետք է զգան վերջապես խավարի և բռնության այն բեռը, որ կրել են դարերով։ Այն ժամանակ վերջ բոլոր անջատումներին, այն ժամանակ ոչ թե մի հոտ և մի հովիվ՝ ինչպես երազում էր հին մարդկությունը, այլ համաշխարհային աշխատավոր եղբայրություն, ուր անհատը կապրի առանց վաղվան գռեհիկ հոգսերի, ուր մարդու կյանքը օրորոցից գերեզման կլինի ապահով և հավասար ամենքին, որ կրում են մարդ անունը։
Մայիսի մեկը այս հեռավոր ու լուսավոր իդեալի բուռն տենչով պիտի վառե բոլոր մասնակիցների սիրտը, և բռնության ամեն զարթոնքին պիտի արթնանան մարդկության միտքն ու խիղճը և մղեն նրան պիրկ վճռականությամբ այդ փրկարար իդեալը երկնքից բերելու երկիր և թշնամության ու բռնության աշխարհում հաստատելու առհավետ։