թանձր մշուշ կապած՝ չեն թողնում փրկության արևի շողը թափանցե մարդկանց սիրտն ու միտքը։ Արևմտյան մարդկությունը, համեմատաբար գիտակից և հակամարտ ինքն իր մեջ՝ իր բովանդակ կազմով ծանրանում է ասիական մարդկության վրա. պետություններ և հայրենիքներ սահմանազատում են ոչ թե ոգեկան մշակույթները, այլ բռնության շահերը, և ստեղծում են շառաչուն, աշխարհավեր բախումներ՝ աշխատավոր դասերի անգիտակից մեղսակցությամբ։
Աշխատանքի շահերի նույնության և միջազգային համերաշխության գիտակցությունը այն չափով չէր արմատացած աշխատավոր դասերի մեջ, որ աշխարհը չդարձներ արյան ճապաղիք և զինվոր ու հրազեն չմատուցաներ շահագործող փոքրամասնության և վարիչ խմբակներին։
Եվ դեռ որքա՜ն ազդակներ կան միջազգային տարանջատման և կործանիչ մեկուսացումի։
Սակայն վաղուց ծիլ է արձակել մեծ գաղափարը միջազգային համերաշխության և հզորապես զարգանում է այս ահավոր պատերազմի ընթացքում։ Աշխատավոր խավերն սկսել են գիտակցել իրենց կարևորությունը համաշխարհի կյանքում. ու թեև աղոտ՝ նկատում են այլազգի աշխատավորին իբր եղբայր ու դաշնակից։
Բանվորական մեծ զանգվածներն արդյունք են դրամատիրական մեծ ձեռնարկների։ Դրամատիրությունը պատռում է հայրենիքի և պետության սահմանները և աշխարհը նկատում է դմակ, իսկ իրան - դանակ։ Նրան զուգահեռ՝ ամենուրեք ստեղծվում են հսկայական զանգվածներ աշխատավոր խավերի։ Հողագործները աշխարհի ամեն անկյունում՝ հողատիրոջ և հարկերի բեռան տակ՝ ապրում են չարքաշ գոյություն։ Տիրող դասերը զինված բռունցքով պաշտպանում են իրենց արտոնությունը իրենց ոչխարների բուրդը խուզելու։ Բռնությունն ու շահագործումը դառնում են համաշխարհային և աշխատավորությունը աղոտ կերպով գիտակցում է համատարած չարիքը, որի շահերը նույնն են ամեն տեղ և ներհակ են իր շահերին։ Մայիսի մեկը արտահայտությունն է այդ գիտակցության։
Ո՜րպիսի հորիզոններ են բացվում մարդու աչքին մայիսի մեկի համաշխարհային այս տոնին, որ դառնում են անծիր ու անհուն ապրիլի 18-ի և մայիսի 1-ի նույնացումով... Այսօր երկրագունդն իր շրջապտույտին տիեզերական տարածությունը լցնում է միևնույն կոչով, որ պոռթկում է միլիոնավոր աշխատավորության հոգնատանջ կրծքից։ Ե՛վ Ռուսաստանը գաղափարական, և՛ Գերմանիան բռնության գերի, և՛ Ֆրանսիան ասպետ, և՛ Անգլիան գործնական, և՛ Ամերիկան համարձակ, և՛ Ճափոնը