Բայց ի՞նչ բան է իշխանությունը, եթե ոչ այն միջոցները, որոնցով հարկադրում են ստահակներին և ըմբոստներին խոնարհել օրենքի պահանջի առաջ. օրենք, որ ռամկավար երկրներում մեծամասնության կամքի ձևակերպությունն է։ Իշխանությունը մի սուր է. որքան կտրուկ՝ այնքան ազդեցիկ։ Եվ երբ խոսում են իշխանության մասին, հարցն այն չէ թե՝ կտրո՞ւկ է այդ սուրը - նա միշտ և ամեն տեղ պետք է կտրուկ լինի ազդելու համար - այլ հարցն այն է, թե ո՞ւմ ձեռքին է այդ սուրը և ի՞նչի համար է գործ դրվում։ Բայց կարճամիտներն ու չարամիտները շփոթում են դիտմամբ կամ հանգետս սուրն ու նրան գործածող ձեռքը և թուլացնում ու գուլացնում սուրն ու ձեռքը միանգամայն - ռամկավարությունն ու նրա իշխանությունը։
Վերջին դեպքերը ծանր հարված տվին այդ կարճամիտ ու չարամիտ հայացքին և ստիպեցին հասկանալու, թե իշխանությունը չպետք է դադարի իշխանություն լինելուց նույնիսկ այն ժամանակ, երբ միահեծան թագավորից նա անցնում է ռամկավարության ձեռքը։ Ոստիկանությունը նույնքան կարգապահ պետք է լինի, հակախուզարկությունը նույնքան արթուն, զորքը նույնքան հավատարիմ և անձնվեր, վարիչ մարմինները նույնքան համարձակ ու փութկոտ, որքան հին կարգի ժամանակ։ Եվ ավելի, քան այն ժամանակ, որովհետև հին կարգը գործ ուներ հլու հպատակների հետ խաղաղ օրերին, երբ հաց ուներ ժողովուրդը, իսկ ռամկավարությունը գործ ունի ազատ քաղաքացիների հետ ավերիչ պատերազմի օրերին, երբ բավարար չէ նրանց պարենը, երբ շատերն ազատություն և սանձարձակություն համարում են նույնիմաստ, երբ ոչ միայն խոսում են խելքին փչածը, այլև անում են մտքին եկածը։
Մի կառավարություն, որ վայելում է երկրի վստահությունը, որ շիտակ ու վճռական՝ խորտակում է հին կարգի ամեն մնացորդ, որ ջնջում է անխնա բոլոր անարդար կարգերն ու օրենքները. մի կառավարություն, որ ստեղծում է ամենից ազատ վարչաձևն ու զորքն աշխարհում, մարմին է տալիս ամենից համարձակ հղացումներին, աշխատավոր ժողովրդի շահերը գերադասում է ամեն բանից և հրավեր է կարդում լուսավոր մարդկության համախմբվել լավագույն ապագայի համար - այդպիսի կառավարությունն իրավունք ունի գործադրելու լրիվ իշխանություն և անողոք ու կտրուկ լինելու կարճամիտների և չարամիտների հանդեպ, որոնք կամ չեն ըմբռնում ժամանակի հրամայական պահանջները և իրենց զառանցական մտածումը գերադասում են համայն ժողովրդի հավաքական իմաստությունից, կամ պարզապես ծախում են իրենց գրիչը, խոսքն ու գործը թշնամուն և կամ երկրի մեջ ստեղծում են շփոթ՝