Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հին կարգը վերականգնելու սին հույսերով։

Թույլ տալ, որ դասալիքը առաքինություն հռչակե իր տմարդությունը և դավե ռազմի ճակատում, թույլ տալ, որ զառանցողը կամ դավաճանը զինված խմբերի գլուխն անցած՝ թուլացնե երկրի դիմադրական կորովը՝ շփոթ ստեղծելով ամենուր. թույլ տալ հնչուն բառերով սնգուրել դավաճանության երեսը և վտանգել հեղափոխությունն ու ազատությունը - նշանակում է շիլ ըմբռնում ունենալ ռամկավարության և իշխանության մասին։

Ռամկավար կարգերն ինքնըստինքյան անարժեք են, եթե չեն բերում ազատություն և հաց։ Եթե հանուն հեղափոխության մեր երկիրն ու մենք պիտի ստրկանանք գերմանական բռունցքին, եթե հանուն ռամկավար կարգերի մենք տեր չենք լինելու մեր անձին, գույքին ու պատվին, եթե հանուն ազատության պետք է կորչենք սովամահ - այն ժամանակ ո՞րն է տարբերությունը բարբարոս Թյուրքիայի և ազատ Ռուսաստանի միջև։

Ազատությունը, ապահովությունն ու հացը միմիայն ուժով կարելի է ձեռք բերել և պահպանել։ Այդ ուժն այսօր գտնվում է ռամկավարության ձեռքին և այդ ուժը պետք է գործե կտրուկ, շիտակ և անողոք։ Թուլությունը մահ է բերում ազատության և ռամկավարության վարկին, իսկ երբ վարկաբեկ լինի ռամկավարությունը՝ անգույն բազմության միտքը կդառնա դեպի հին կարգերը և այդ տրամադրությանը հենված՝ բոլոր բորենիները դուրս կգան իրենց բներից իշխանության գլուխն անցնելու համար։

Փոխված է իշխանության սուրը բռնող ձեռքը. նա վայելում է երկրի մեծամասնության լիակատար վստահությունը։ Այդ սուրը պետք է միշտ կտրուկ պահել, որ աշխատավոր դասերի կարճամիտ ու չարամիտ թշնամիները սարսեն և վերջ տան իրենց դավերին։

Հորիզոն, 1917, № 145


Ռուսաստանի վերագրավումը

Ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանում կարծեք օտար կառավարություն լինի թշնամու երկրում՝ այնքան շատ թշնամիներ ունի։ Թեև զորքի և ժողովրդի մեջ կան բազմություններ, որ համակիր են նրա ընթացքին, բայց այդ համակրությունն այնքան զորավոր ու անվերապահ չէ, որ կարողանա ինքնովին, առանց հարկադրիչ ուժի աջակցության՝ հաստատուն հենարան դառնալ ազգընտիր կառավարության։

Ժողովրդի մի շատ ստվար բազմություն որոնում է հանգիստ և պարեն: