Նրա համար գնահատելին կարգն է ամենից առաջ։ Ինքնին անդեմ ու անգույն՝ այդ բազմությունը վճռական դեր է կատարում պատմության մեջ։ Նա միշտ թեքվում է հաղթողի կողմը, պայմանով, որ ստանա օրապահիկ և հանգիստ։ Նա չի հանդուրժում երկարատև աղմուկ ու շփոթ, նա պատրաստ է ձեռք մեկնելու ամեն ուժի, անկախ նրա որակից՝ միայն թե կարգը վերահաստատվի։ Նա պատրաստ է բարձրացնել ամեն դրոշ, աղաղակել ամեն նշանաբան, ծափահարել ամեն անձ ու գործ - որչափով այդ անում է մեծամասնությունը և տևապես չի խանգարում նրա հանգիստը։ Մի երկու օր, մի քանի ամիս նա դեռ կարող է դիմանալ վերուվարումի, բայց բութ համառությամբ և ցուլի արնալից աչքով նա կարող է հանկարծ վեր կենալ պոզահարելու ամեն խմբակ ու անհատ, որ կլցնեն նրա համբերության չափը։ Պատմության հարցերը դնում ու լուսաբանում են մի ժողովրդի գիտակից աջը, ձախն ու կենտրոնը, բայց վճռում է այդ անգույն և համբերատար բազմությունը՝ թեքելով նժարը այս կամ այն կողմը։
Քանի դեռ այդ բազմությունը չի դուրս եկել գազազած և հենարան չի դարձել ուժերի, որ տենչում են խորտակել հեղափոխությունն ու ազատությունը՝ ժամանակավոր կառավարությունը պետք է նորից վերագրավե Ռուսաստանը՝ իր ձեռքում պահելու համար և այդ անկայուն բազմությունը։ Զորքի մեջ կա մի պատկառելի քանակ՝ անկեղծորեն հեղափոխական և ռամկավար, դա է միակ և իրական հենարանը, որ կարող է նեցուկ դառնալ ժամանակավոր կառավարության իր երերման պահերին։ Մի քանի զորամասեր լիովին ազատ այնպիսի հանցավոր ու մեղկ արատներից, որ սնուցանում են դասալիք ու դավաճան՝ բավական են կազմելու այն ուժը, որով կարող է կառավարությունն սկսել վերագրավումը. դա կլինի Իվ. Կալիտայի այն համեստ Մոսկվան, որ թթխմորի պես շաղախեց մեծ Ռուսաստանը։
Այդպիսի զորամասերին համազոր ուժեր չկան և չեն կարող լինել զորքի մեջ. նա պառակտված է հուզարարների հանցավոր գործունեությամբ և եթե իր մեջն ունի նոր կարգի թշնամիներ, ունի նաև բարեկամներ, բայց մանավանդ մի անդեմ ու անգույն բազմություն, որ պատկառում է կարգապահ ուժից։ Միատարր, միհոգի և կարգապահ գունդերի դիմաց մնացած զորամասերը հորդաներ են անկազմակերպ և անկարգ, որոնք անկարող են դիմադրել տևապես կամ հետապնդել մի որոշ և ընդունելի նպատակ։ Կարգապահ և միատարր զորքի այդպիսի մի հատված կհրապուրե և կզանգե մյուս զորամասերի առողջ տարրերը և կստեղծվի մի ուժ, հուսալի մի հենարան, որով ժամանակավոր կառավարությունը