Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ երթալով սպառնական է դառնում պետական արտաքին և ներքին կյանքում։ Յուրաքանչյուր իշխանություն, որ կամենում է երկրին իրական դարման բերել, նախևառաջ վերջ պետք է տա այդ անիշխանության։ Սակայն հնարավո՞ր է այդ։

Հեղափոխական Ռուսաստանի տրագիզմը հենց այդտեղ է։ Մինչև այժմ եկած ու գնացած բոլոր կառավարություններն ամենից ուժգին բողոքել ու մաքառել են օրավար աճող քայքայման դեմ և շատ քիչ արդյունքների են հասել հենց այդ խնդրում։ Մինիստրների անհաշիվ ճառերն ու սպառնալիքները, կառավարության բազմաթիվ հրահանգներն ու հրամանները, Կերենսկու գերբնական ճիգերը համարյա միշտ մնացել են անլսելի, ձայն բարբառո հանապատի։ Եվ այսուհետև էլ կմնան, եթե կառավարական մեքենայի վերակազմության զուգընթաց չվերակազմվի նաև հասարակական հոգեբանությունը։ Ներկա Ռուսաստանի ներքին անուժության պատճառը այս կամ այն կազմն ու գույնը ունեցող կառավարությունից չէ բխում, այլ ամենից առաջ այն իներտ, հաճախ ապոլիտիկ կամ անիշխանական տրամադրությունից, որ թագավորում է մասսաների գլուխների մեջ։

Վեց ամսվա հեղափոխություն, և որքա՜ն ցնցող օրինակներ տգիտության, քաղաքական տհասության ու հակապետական տրամադրությունների։ Կրոնշտադթ, Ցարիցին, Տարնոպոլ, Տաշկենտ, բոլշևիզմ, հուլիսի 3-5, Կոռնիլովյան ավանտյուրա, երկաթուղային գործադուլ - սրանք են գլխավոր պատճառները, որ հեղափոխական Ռուսաստանում բացակայում է կարգն ու օրենքը։ Հազար հեղափոխական կառավարություն նշանակեցեք, եթե հանրությունը չի ցանկանում լսել նրան, ընդունել նրա իշխանությունը, ենթարկվել նրա կարգադրություններին ու սահմանած օրենքներին, ոչ մի դրական հետևանքի չեք հասնի։

Չի կարելի ուրանալ, որ մեր սոցիալիստական կուսակցությունների խղճի վրա ահագին մեղք կա այդ տեսակետից։ Մենք շատ ենք խոսել մասսաների անունից, բայց քիչ ենք աշխատել նրա մտավոր-հոգեկան դաստիարակության, նրա քաղաքական մշակության վրա։ Ռուսական հեղափոխական միտքը ավելի շատ զբաղվել է տեսական մարզանքներով, քան գործնական աշխատանքներով։ Եվ եթե այսօր Տարնոպոլում ռուս տգետ զինվորը գազանացած՝ կտրտում է գթության քրոջ ստինքները կամ լլկում-պղծում է երեխաներին, կամ թե չէ Սամարայի ու Սարատովի գյուղացին հրդեհում է կուլտուրական թանկարժեք հարստություններ ու փչացնում է անտառներն ու կալվածները, դրա հանցանքն ընկնում է և ռուս հեղափոխական կուսակցությունների վրա, որոնք այսօր