Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ դեռ ավելի ուժ ու եռանդ են սպառում հատվածական իրերակերության, քան թե լայն զանգվածների դաստիարակության վրա։

Մենք ողջունում ենք նորաստեղծ կառավարության նոր ձգտումը ուժեղ ու հեղինակավոր լինելու, բայց և համոզված ենք, որ առանց մասսաների լայն ու գործոն աջակցության, առանց երկրի ընդհանուր օժանդակության ոչ մի իշխանություն չէ կարող վերջ տալ այն սարսափելի քայքայումին, որ ծայր է տվել Պետրոգրադից սկսած Վլադիվոստոկ և Արխանգելսկից մինչև Ջուլֆա։

Հորիզոն, 1917, № 209


<Անգլիական կապիտանը չգիտե...>

Պարոններ, կառավարությունը իր զեկուցման մեջ հայտնեց ձեզ անգլիական կապիտանի առաջարկած պայմանները, ուր կարելի է նկատել մի նախագիծ այն հիմունքների, որով կարելի խաղաղությամբ լուծել այս խնդիրը։ Այդ կետերից մեկը մեր զորքերն անմիջապես հետ քաշելն է այն վայրերից, ուր նոքա գտնվում են կամ գտնվելու են վաղը։ Այս կետն առաջարկված է միայն այն նպատակով, որ անգլիական կապիտանը բնավ ծանոթ չէ այն պայմաններին և երկրին, ուր նա գտնվում է։ Նա չգիտե այս երկրի պատմական անցյալը և այն փոխհարաբերությունները դրացի երեք ժողովուրդների միջև և եթե նա ծանոթ լիներ, դժվար թե նա այդպիսի առաջարկություն աներ։ Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարևանների դերը մանավանդ այս պատերազմի ընթացքին երկդիմի էր և անկեղծ չէր դեպի այն պետությունը, որի քաղաքացիներն էին և դեպի այն դատը, որ վարում էին դաշնակիցները։ Կամավորական խնդրի ժամանակ նրանք չխնայեցին ոչ մի ջանք, որպեսզի արգելեն հայ կամավորական շարժումը։ Կամավորական այդ շարժումը ուրիշ բան չէր, այլ սոսկական մի պարտք, որ մենք պատրաստ էինք տալ Ռուսաստանին իբրև քաղաքացիներ և իբրև մեր դատը պաշտպանողի։ Այս ամենը չգիտե անգլիական կապիտանը, եթե գիտենար նա, այդ առաջարկը չպիտի աներ։ Եկավ Ռուսաստանի հեղափոխությունը. այստեղ տեղը չէ առաջ բերելու այն բոլոր պատճառները, որից առաջացավ Ռուսաստանի այնքան ցավալի քայքայումը։ Մենք տեսանք, որ մեր հարևանները, որոնց հետ մենք այսօր դժբախտություն ունինք զենքով կոխ մղելու, նրանք ի գործ դրին այն ամենը, որով կարենան ոչնչացնել