սիրում էր շնչել։ Իր խելացի աչքերի մեջ միշտ մի կայծ կար նրանց համար, իր ձայնի մեջ մի մեղմություն, իր վարմունքի մեջ հայկական խնամածու հոգածություն, և գոհանում էր նրանց հաջող արածով ու ասածով։ Նրանց խիզախությունը, որդիական զգացումը, սրտաբաց խոսքն ու պատրաստակամ բարքը գրավում էին նրան։ Կարծես նրանցով սնվում էր իր հավատը դեպի ապագան և աշխուժանում էր կորովը։
Ծանր էր իր ձեռքը, որ հարվածում էր անողոք, բայց բնավ անարդար։ Զարմանալի ճշտությամբ ըմբռնում էր հնարավորի սահմանը և ներողամիտ էր դեպի ամեն տրտունջ, բայց միայն այդ սահմանում։ Մեծամիտը, հոխորտացողը, ծույլը, պահանջկոտը, փափկասունը, վախկոտը, գողն ու մատնիչը ճաշակել են նրա բռունցքը։ Նրան անծանոթ էր ոգու և մարմնի թուլությունը և չափազանց ատելի. պահանջում էր, որ դեռատին նույնքան տոկուն ու չարքաշ լինի, որքան ինքը։ Միշտ ձգտելով լավացնել իր խմբի դրությունը՝ ստիպում էր, որ ընկերաբար գոհանան եղածով։
Հայդուկի երկարամյա չարատանջ կյանքը վարժեցրել էր նրան նախատեսության. լայն օրերին մտածում էր նեղ օրվան մասին, դեռ հացն ու դրամը չհատած՝ ամենուրեք հայտնում էր սպառումը և միջոցներ ձեռք առնում։
Կաշվի մի կտոր, որ նետվում էր անպետք, պայտի մի գամ, մի հագուստ, մի գործիք՝ հավաքել ու պահել կտար, որ անփորձների անհոգության երեսից փորձանքի մեջ չմնա։ Հաճախ ինքն իր ձեռքով հաց ու հագուստ կբաշխեր։ Իր ծախսերը կիջեցներ նվազագույն չափերի և ընկերներին կանչելով՝ տնտեսած դրամից մաս կհաներ նրանց ընտանիքներին ուղարկելու տոներին։ Չէր սիրի պարապ նստել. միշտ կմտմտար, մեկի թամբը պիտի կարկատեր, մյուսի հրացանն ուղղեր, երրորդին տրեխը շինել սորվեցներ...
Ամբողջ կյանքը համարյա ապրեց ամուրի, եղավ շատ զուսպ ամուրի, ավելի հյուր, քան տանտեր, միտքը միշտ դուրսը, հանրային գործերին։
Բայց այս լուռ ու համեստ մարդու մեջ ապրում էր մի հերոսական ոգի, որ անշուք գորշության միջից փայլատակում էր իր ժամին և հիացք ու պատկառանք ազդում մերձավորին և օտարին։
...Աշրադ Դովլեն միապետական ուժերի գլուխն անցած մոտենում էր Թեհրանին։ Մի բուռ հայերի և բախտիարցիների հետ Քեռին ուղարկվեց նրա դեմ։ Թշնամին բռնել էր ապառաժոտ լեռան ծերպերը և գնդակոծում էր շարունակ։ Տասնութամյա պատանու աշխուժով Քեռին բարձրանում է դեմ՝ թափահարելով իր մտրակը և վարակելով հետևորդներին։ -Ովքե՞ր են դրանք, որ հրացան պարպենք, կանչում է ցատկելով