Գիտենք, որ մեր գրիչները ԺԲ դարից որդեգրեցին օտարի օ տառը, այդ քայլը նշան է, որ այն ժամանակ աւ-ն արդեն օ էր։ Իսկ դրանից առա՞ջ։ Ոչ ոք գիտե։ Հայտնի է մեզ Ե դարի աւ-ն և ԺԲ դարի օ-ն․ միջոցն անհայտ է։
Միևնույն լեզվով գրի առնված գրականությունը նույն այդ լեզվի դարավոր հոլովույթի հաջորդական փուլերն է տալիս։ Նույն հայոց լեզվով է գրված և Եզնիկի Եղծը, և Նարեկացու Ողբերգության մատյանը, և Շնորհալու Հիսուս որդին, և Առաքել Դավրիժեցու Պատմությունը․ բայց ի՜նչ տարբերություն լեզվի և մտածության։
Երբ Կորյունի գրքում կարդում ենք․ «Յայնմ ժամանակի երանելի և ցանկալի աշխարհն հայոց անպայման սքանչելի լիներ, յորում յանկարծ ուրեմն օրէնուսուսոյց (տպ․ օրէնսուսուց) Մովսէս մարգարէական դասուն և յառաջադէմն Պաւղոս բովանդակ առաքելական գնդովն, հանդերձ աշխարհակեցոյց աւետարանաւն Քրիստոսի, միանգամայն եկեալ հասեալ ի ձեռն երկուց հաւատացելոցն հայաբարբառք հայերէնախօսք գտան»[1],– մենք տեսնում ենք մեր հին լեզուն իր զարգացման որոշ աստիճանի վրա։
Սա մեր լեզվական մտածողության հին կերպն է, որ գրի շնորհիվ դարձած է կայուն։ Այստեղ մեռած ու քարացած, բայց և անկորուստ մնում են հոլովման, խոնարհման և խնդրառության ձևեր և շարադասության մի կարգ, որ չկան արդեն։
Ի՞նչ կերպարանք ուներ մեր լեզուն Կորյունից առաջ, չգիտենք։ Մեր լեզվի հնադարյան զարգացումը անհայտ ու մթին ժամանակներից հասած է որոշ աստիճանի և Մեսրոպյան գրի շնորհիվ դարձած է կայուն։
Տիեզերական ստեղծագործ ուժը սակայն շարունակած է ազդել, և կենդանի լեզուն, սերունդների բերանում դառնալով շարունակ՝ ստացած է այսօրվան կերպարանքը։
Ներգոյականը հիմա դրականով չի կազմվում, այլ ուղղականի ձևն ունի, մենք չենք ասում «յայնմ ժամանակի», այլ «այն ժամանակ»։ Հատկացուցիչը հիմա հատկացյալից առաջ ենք դնում և ասում ենք «հայոց աշխարհը» և ոչ «աշխարհն հայոց»․ «ուրեմն» մեզ համար պատճառական մակբայ է միայն և ոչ տեղական, «դաս» բառի գործիականը հիմա «դասով» է և ոչ թե «դասու» և միայն ղարաբաղցին է, որ շարունակում է գործիականը աւ կազմել՝ ասելով տնաւ, տեղաւ, մենք ասում ենք «աւետարանով» և ոչ «աւետարանաւ». նախդրիվ տրական «ի ձեռն» հիմա
- ↑ Պատմություն վարուց և մահուան Սրբոյն Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի, 1894, էջ 22։