դարձած է «ձեռքով» (գործիական) և բառերը ոյ հոլովում չունին. այլևս չենք ասում «հաւասարելոց», այլ «հաւասարածների». «գտան»ը, որ հին մարդու համար կրավորական է և նշանակում է «գտնուեցան», մեզ համար հիմա ներգործական է, իսկ նրանց ներգործականը՝ «գտին», մեզ համար չքացած է առհավետ։ Թվականը հիմա չի համաձայնում գոյականի հետ ոչ թվով, ոչ հոլովով և չենք ասում «երկուց հաւասարելոց», այլ «երկու հաւասարածների»։ Շատ բառեր նույնն են մնացել, բայց փոխել են իրենց իմաստը։ «Գիրն սպանանէ, այլ հոգին կեցուցանէ»,– ասում է Առաքյալը (Բ. Կորնթ. 9.6)։ Շեղելով այս խորին իմաստը իր բուն առիթից՝ կարող ենք գործ ածել մեր քննած երևույթը որակելու համար և ասել. գիրն սպանել է դասական մտածության ձևը, բայց և պահել է անկորուստ, իսկ ոգին կեցուցանելով փոփոխել է մեր դասական լեզուն և նրան տվել է նոր կերպարանք։
Եթե Կորյունի հատվածը քննենք մի ուրիշ տեսակետից՝ կտեսնենք, որ «ժամանակի» և «Քրիստոսի» մեզ համար նույնպես սեռ. տրական են, ինչպես Կորյունի համար, բայց մենք չենք պահում «հայ» բառի հոգ. ուղղականը «հայք», թեև գործ ենք ածում հոգ <...>. «հայոց»։ Մեզ համար «գնդով» <.........> ինչպես Ե. դարի մարդու համար, բայց «հայ» և «գունդ» բառերը սեռականը կազմում են ի հոլովելով-հայի, գնդի. մենք պահել ենք «լինէր» ձևը, բայց Կորյունի համար նա անց. անկատար ժամանակ է. (լինում էր, կ՚ըլլար), իսկ մեզ համար ստորադասական է. (թող լիներ, ըլլար)։ Ուրեմն կան ձևեր, որ մնացած են անփոփոխ, բայց փոխած են իրենց իմաստը, կան ձևեր, որ ավելի տարածված են (սեռ. ի), քան հին ժամանակ, կան ձևեր, որ մեռած են կամ գավառական են միայն (գործիական աւ)։
Կարելի է առաջուց ասել, որ գրի առնված ամեն լեզվի մեջ մենք անխուսափորեն հանդիպելու ենք երեք կարգի երևույթներ.
1. Լեզվական ձևեր, որ տիրական են լեզուն գրի առած ժամանակ (օրինակ, նախդիրով բացառականը)։
2. Ձևեր, որ հաղթահարված մնացորդն են երբեմն տիրական ձևերի (օրինակ, ց-ով հոգ. սեռականները մեզ համար. հայոց, տեղեաց և այլն)։
3. Ձևեր, որ նոր են ծիլ արձակած և տիրաբար պետք է իշխեն մի քանի դար հետո (օրինակ՝ եր և ներ ածանցները, որ հոգնակի են կազմում և շատ սակավ են պատահում Ե. դարում, մինչդեռ այսօր իշխում են տիրաբար)։
Ինչպես տեսնում եք, լեզուն փոխվում է շարունակ և իր տարերքը– հնչյուն, բառ, ձև, թե կարգ - փոփոխվում են անհավասար արագությամբ