Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պակաս մանրապատում խոսելով նրանց հնչափոխական և ձևաբանական երևույթների մասին՝ նա տեղ-տեղ խոսք է անում և նրանց շեշտադրության մասին։

Թվում է, թե շեշտադրության երևույթները նրա ուշադրությունը չեն գրաված այն չափով, որին արժանի էին։ Իր կարծիքները շփոթ են, հակասական և տեսությունները կարոտ են վերաստուգման։ Լեզուների շեշտադրությունը հիմնական երևույթ է։ Տեսանք, թե Մեյեն մեր բառերի արտասովոր կերպարանքը քույր լեզուների համեմատությամբ համարում է մեր շեշտադրության արդյունքը։

«Ուժգնության շեշտը,– գրում է նույն Մեյեն,– որի բովանդակ ուժը հայտնաբերում են այսօրվան գերմաներենն ու անգլերենը, շատ մեծ ազդեցություն է արած» (այդ լեզուների վրա)[1]։

«Շեշտի երևույթը տիրապետում է ձայնավորների պատմական ձայնաբանության վրա թե ֆրանսերենի և թե ուրիշ ռոմանական լեզուների մեջ»,- գրում է Լ․ Կլեդա»[2]։

Նկատի ունենալով շեշտադրության մեծ կարևորությունը լեզվական երևույթների բացատրության համար՝ մենք մանր քննության կենթարկենք Հ․ Աճառյանի կարծիքները հայոց կենդանի բարբառների շեշտադրության մասին։

Հայրենիք, 1928, № 4, 79-85


Նորից շեշտի մասին

Մեր կենդանի լեզվի շեշտադրությունը հետազոտելով, կարող ենք մի մոտավոր գաղափար կազմել մեր շեշտադրության հնագույն եղանակի մասին։ «Հաց, միս, թեև» և սրանց նման հազարավոր բառեր Ս․ Մեսրոպի օրերից գալիս են մինչև մեզ՝ առանց փոփոխության։ Ներելի է մտածել, որ նրանցից մի հարյուր կամ ավելի տարի առաջ այդ բառերը նույն կերպարանքն ունեին։

Այս հիման վրա հանդգնություն չի համարվի, եթե ասենք, որ այսօրվա շեշտադրության եղանակն ևս առնվազն նույնքան հին է, որքան այդ կարգի բառերը։

Շեշտը մեծ ավերածություն է կատարած մեր լեզվի մեջ․ մեր բառերի

  1. A․ Meillet, Caractères généraux des langues germaniques. էջ 71։
  2. L․ Cléédal, Manuel de Phonétique et de morphologie historique du Francais. էջ 1։