մեջ երևում են միևնույն հնագույն ձևի տարբեր ամփոփումները, որ տարբեր բարբառական հոլովույթների արդյունք են։
Այս դիտողություններից մենք կարող ենք մի քանի մեթոդական ցուցումներ բանաձևել մեր հետագա հետազոտության համար։
1. Բառերի նախավոր կերպարանքը գտնելու համար պետք է առնել նրանց եզակի գործիականը և հոգնակի սեռականը առանց հոլովակերտ ձայների։ Եզակի սեռականները հաճախ նմանական կազմություններ են. համենայն դեպս ավելի հաճախ կարող են մոլորանքի մատնել մեր խուզարկու միտքը։ Այսպես՝ «գառն» բառի նախավոր ձևը գտնելու համար պետք է առնել ոչ թե «գառին» եզակի սեռականը, այլ «գառամբ» գործիականը, որ է գառան-բ և հոգնակի սեռականը, որ է գառան-ց, հապավելով գործիականի և սեռականի հոլովակերտ բ-ն ու ց-ն։
2. Երկու բաղաձայների միջև՝ մեր համոզումով՝ միշտ սղած կամ կորած է մի նախավոր ձայնավոր, որ պետք է վերականգնել՝ հենվելով նույն բառի օտար համարժեքների կամ բարբառական տարբերակների վրա. այսպես «քուրմ», ուր րմ բաղաձայների միջև երբեմն եղած է մի ձայնավոր ի, ինչպես երևում է «քուրիմա» վրացական ձևից. այս բառը ասորական փոխառություն է համարում Հ. Հյուբշման և նրանց kumra բառն է[1]։ Բաղաձայները տեղափոխված է համարում հայի բերանամ։ Սա արգելք չէ, որ ասորական բառի նախավոր ձևն ևս kumira եղած լինի, որից՝ մեր հին «քուրմիա» ձևը։ Եթե չկան պահված հին ձևեր մեր բարբառներում կամ քույր և օտար լեզուների մեջ՝ այն ժամանակ չքացած կամ սղած ձայնավորները պետք է կռահել, հիմնվելով ձայների սղման և կորուստի ընդհանուր օրենքների և մեր լեզվի մասնավոր կանոնների վրա։ «Ընկալ» բառի ը-ն օրինակ մեր լեզվի կանոններով կարող է ա, ի, կամ ու ձայնավորի սղում լինել և ուրեմն մի նախավոր *անկալ *ինկալ կամ *ունկալ ձևից առաջ գալ, ինչպես «ընկնելը - անկանելի ամփոփումն է. ընձուղտը ինձուղտի և բնոյթը-բունոյթ է»։
3. Միևնույն նախավոր ձևը տարբեր շեշտադրության հետևանքով կարող է տարբեր ձևերի ծնունդ տալ։ Այսպես՝ *կոտ արմատը, որից կազմված է «կոտոր» բունը ճիշտ այնպես, ինչպես «բեկ» արմատից կազմված է «բեկոր» բառը։ «Կոտոր» ձևը առանձին ունինք և նշանակում է՝ կտոր, պատառ։ Արդ այս երկվանկի շեշտվելով իբր -՛V կոտոր, պիտի տար կո՛տ՛ր ձևը, որ կա մեր լեզվում և «ընկնել» բայի հետ կազմում
- ↑ Հ. Հյուբշման, Սեմական փոխառյալ բառերը Հին Հայերենի մեջ, էջ 48։