Ուշադիր քննելով մեր հին, միջնադարյան և նոր գրական լեզուն, ինչպես նաև մեր բարբառները, ես արած եմ մի քանի դիտողություններ, որ ընդհանրացնելով՝ հորինած եմ տեսական ուրվագծեր։ Այսպես՝ տեսնելով, թե մեր հին գրականության մեջ մեր այսօրվա օ ձայնը արտահայտած են երկու գրով - աւ՝ ես ենթադրած եմ, որ դասական շրջանին մեր հայրերը չեն ունեցած օ հնչյունը, հետևապես այդ հնչյունը ձևացած է Ե դարից հետո և որոշապես պարտադրած է իրան ԺԲ. դարում, երբ մեզանում մտած է օ գիրը։ Այսպիսով այսօրվա օ-ն, որ մի պարզ ձայն է՝ տասնհինգ դար առաջ եղած է երկբարբառ՝ աւ։ Այստեղից պարզ է, որ 1. օ-ն հոլովույթի արդյունք է. և ուրեմն 2. որ բարդ երկբարբառը կարող է դառնալ պարզ ձայնավոր։ Այնուհետև ես հարց եմ տված. արդյոք միայն օ ձա՞յնն է, որ արդյունք է հոլովույթի։ Իր օրինակը բավական է, որ ասենք, թե ձայները հոլովույթի ենթակա են։ Այս ընդհանրացումը պարտադրում է սակայն հետազոտել մնացած ձայնավորները, տեսնելու համար թե՝ չկա՞ն ուրիշները, որ նույնպես ժամանակի ընթացքին ծագած լինեն, և որոշել նոր ձայների ծագման պայմանները։ Այս աշխատանքը կատարած եմ տարիներ առաջ և արդյունքը՝ իբր համառոտ ուրվագիծ՝ հրատարակած եմ «Հանդես Ամսօրյա» ուսումնաթերթի մեջ[2]։ Այդ ուրվագծի մեջ ես մատնանշած եմ հիմնական երևույթները, առանց մանրամասնությանց իջնելու և տված եմ հոլովույթի գլխավոր տարազները, առանց շեղումներին նայելու։ Իմ տեսությունը հիմնավորած եմ մի քանի ցայտուն օրինակներով, առանց սպառելու բավական նյութը։
Իմ տեսությունը համաձայն չէ հնդեվրոպական լեզվագիտության։ Նրա համար օ և ե ձայներն, օրինակ՝ հիմնական են և կազմում են համեմատությանց հիմք ու եզր, մինչդեռ ես կարծում եմ նրանք հետևանք են պարզ ձայների ձուլման։ Բայց հնդեվրոպական լեզվագիտության
- ↑ Ես հույս չունիմ, որ կարենամ հորինել այն գիրքը մեր լեզվի մասին, որ մտադիր էի։ Տարիներս անցած են. մտավորական երկարատև ճիգը հոգնություն է բերած և հին ու օտար լեզուների անագան ծանոթությունս կասեցնում է վստահությունս։ Բայց այդ շենքի կառուցման համար տարիների ընթացքին ես տաշած եմ քարեր և հավաքած եմ ատաղձ, որոնց լեզուն ե՛ս միայն կարող եմ հասկանալ։ Դրանք կարող են պիտանի լինել հետագա կառուցողներին, ուստի որոշեցի գրի առնել մտածումներս և լույս ընծայել հատվածաբար։ Պիտի խնդրեմ նրանց, որ առիթ կունենան օգտագործելու այս քարերն ու ատաղձը՝ չմոռանան հիշատակել հավաքողին։
- ↑ Տե՛ս Հ. ա., 1930 թ․, Սղած և չքացած ձայնավորներ, էջ 182-195. նույն, 1930 թ. Հնչաբանական դիտողություններ՝ 273-291. և շարունակությունը Հ. ա., 1931, էջ 352-359, 518–527, Հ. ա., 1932, էջ 298-310, 433-446: