Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակած տեսողությունը մարդկային իմացության վերջին խոսքը չէ և ընդհանրապես գիտության մեջ չկա և չի կարող լինել հարատև վերջին, բայց մանավադ վերջնական խոսք, քանի դեռ մարդկությունն աճում է անընդհատ և նոր սերունդները իրերի բերումով նոր դիրքերի վրա կանգնելով՝ նոր տեսակետից են նայում կյանքին ու աշխարհին։ Մեր պարտքն է անմիջաբար և հարատև շփում ունենալ կենսական փաստերի հետ, որոնց շարքին են պատկանում լեզվական հին ու նոր երևույթները, և մեր դիտողություններն ու կռահումները արձանագրել։ Հավանականն այդ կռահումներից կհամարվի «վերջին խոսք», մինչև երևան նոր և ավելի հավանական «վերջին խոսքեր»։ Աննախապաշար իմացության համար փաստերի ստուգությունը և դատումների ճշտությունը բավական են ինքնին։ Գիտության համար կուռքեր գոյություն չունեն և պետք չէ, որ ունենան։ Ինչ որ համոզիչ է՝ ընդունելի է։ Ճշմարտության չափանիշը իր համոզական կարողության մեջ է։ Ինձ թվում է, որ տեսություններս համոզական են։ Նրանք կարող են հաստատվիլ, լրացվիլ կամ մերժվիլ․ դրանից ես չեմ տուժի, իսկ ճշմարտությունը կշահի։ Այս համոզումով է, որ գրի եմ առնում դիտողություններս ու կռահումներս, որ եթե չընդունվեն իսկ՝ գոնե առիթ կտան հերքումի, հետևապես նույն խնդիրները վերաքննելու, ինչ որ ինքնին մեծ շահ է մեր լեզվի ճանաչման համար։

Ձայնավորների տեսությունս ուրվագծելուց հետո, ես հիմա անցնում եմ բանաձևելու իմ տեսությունը մեր ձույլ բաղաձայների մասին։ Նրանց շարքում ես նկատում եմ ձայներ, որ իմ կարծիքով նույնպես հոլովույթի արդյունք են, հետևապես ծագած են ժամանակի ընթացքին և ստացած են այսօրվան արժեքն ու կերպարանքը։

* * *

Մեր միջնադարյան ռամկորենի մեջ հանդիպում ենք մի քանի բառերի, ինչպես պացխուն, արցունք, որոնց դասական ձևն է պատասխանի, արտասուք։ Այս բառերը մենք հանդիպում ենք ԺԳ դարի հեղինակների գործերում, հետևապես հին և ավելի հին կարող են համարվել, եթե նկատի ունենանք, որ նրանք գոյություն ունեին գրի առնելուց առաջ[1]։ Արդեն վաղուց՝ նախ Յ․ Կարստ, ապա՝ Հ․ Աճառյան ընդունած են, թե այդ

  1. «Եվ նա (որդի Մանտալեի) լրբենի երեսօք ասէ. «Դու հայ մարդ ես և մեք հոռոմ իշխանք․ ի՞նչ պացխուն տաս մեր թագաւորին, որ կու դատես գհոռում մարդ»։ Յայնժամ բարկացաւ պարոն Թորոս և ասէ․ «Եւ դուք որ զայր հզօր և զօծյալ թագաւոր սպանիք ի՞նչ պացխուն տայք հայոց ազգիս»։ Սմբատայ Սպարապետի պատմութիւն․ 1856, էջ 77։