Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ս ձայներն իրար մոտ գալով ձուլվեին, որ մենք տեսնեինք ց ձայնի ծագումը։ Այսպիսով մենք գտանք ց ձայնի ծագման երկու հիմնական պայմաններ. 1. տ և ս ձայների միջև պետք չէ ձայնավոր լինի. 2. տ և ս պետք է իրար հետ ձուլվին։

Տեսնենք հիմա, թե բառի շեշտը դեր ունի՞ այս ձուլման մեջ։ Մեր բառերն արևելյան հայերն արտաբերում են իբրև պատա՛սխան, արտասունք, շեշտելով միջին ձայնավորը։ Գիտենք թե շեշտված ձայնավորը չի սղում, հետևապես պացխուն և արցունք բառերը այնպիսի միջավայրի մեջ են կազմված, որ այդ բառերի միջին ձայնավորը չէր շեշտվում, այլ արտաբերվում էր պատասխան կամ պա՛տասխան[1], այսինքն՝ միջին ձայնավորն անշեշտ թողնելով՝ լրիվ շեշտում էր ձայնավորներից առաջինը կամ երրորդը և թերի շեշտով արտաբերում էր նույնպես առաջինը կամ երրորդը։ Արևելյան բարբառներից Արցախինը, որ բառի շեշտը պահած է միջին ձայնավորի վրա՝ առաջին ձայնավորը սղած է և արտաբերում է պըտա՛սխան, ըրտա՛սունք, որով պարզ է, թե իր առաջին ձայնավորը անշեշտ է եղած, երկրորդը լիաշեշտ, ինչպես որ է նաև այսօր, և երրորդը, թեև անշեշտ, բայց տոկուն ձայնավոր է։ Կարող ենք ուրեմն ց-ի ծագման երրորդ պայմանը բանաձևել այսպես. ց-ն ծագում է այնպիսի վանկերից, որոնց եզերական ձայներն են տ և ս և որոնց միջև ձայնավորն անշեշտ լինելով՝ նախ սղած և ապա՝ չքացած է և եզերական ձայներն իրար ձուլված են։

Մեր դասական երկու բառը հիմա տրոհենք այսօրվան կարգով.- պա-տաս-խան, ար-տա-սուք։ Մենք տեսնում ենք, որ առաջին բառի ընդգծած վանկը փակ է, իսկ երկրորդ բառի տա վանկը բաց է և նա դառնում է տաս, առնելով հաջորդ վանկի ս-ն։ Կարող ենք ուրեմն ասել, որ ց ձայնի ծագման համար անհրաժեշտ է, որ գոյանա եզերական տ և ս ձայներով մի խումբ, նրա մեջ եղած ձայնավորը չքանա և եզերական ձայները ձուլվին։ Այդ խումբը անկա՞խ վանկ է, թե կազմված է փոխ առած ձայնով՝ նշանակություն չունի ց-ի ծագման համար։

Մինչև այստեղ մենք դուրս չեկանք մեր ընտրած բառերի սահմանից և աշխատեցինք որոշել այն պայմանները, որ ծնունդ են տված ց ձայնին մեր միջնադարյան մի քանի բառերի մեջ։ Մենք տեսանք, որ այդ բառերի մեջ ց-ն բաղադիր է։ Բայց ի՞նչ է հայոց լեզվի ց ձայնի ներքին բնույթը։ Այս մասին որոշ է գիտության կարծիքը։ Մեծանուն Ա. Մեյե ասում է, թե «ց-ն և չ-ն բաղաձայների մի խումբ են միշտ» և իրենց ծագումը

  1. Այս ՛ նշանը ցույց է տալիս շեշտի լրիվ զարկը, իսկ բութը ՝ շեշտի թերի զարկը, որ կոչվում է երկրորդական շեշտ, հակադրությամբ առաջինի, որ գլխակոր շեշտ է կոչվում։