Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնդեվրոպական նախալեզվի ձայներին չի հասնում, այսինքն այդ ենթադրյալ լեզվի մեջ չկար մի ձայն, որի ձևափոխությունը կամ կշիռը լիներ մեր ց-ն. նա ուրիշ նախնական ձայների մի խումբ է[1]։ Մենք տեսանք, թե միջնադարյան մեր բառերի մեջ ց-ն, տ և ս ձայների մի ձուլվածք է։ Այսպես է ց-ն հայոց լեզվի մեջ։

Իսկ ի՞նչ է ց-ն հնդեվրոպական լեզուների մեջ առհասարակ։ Սրա պատասխանը տալիս է փորձառական ձայնաբանությունը, ուր ոչ թե հետազոտողի սխալական ականջն է, որ տարորոշում է ձայները, այլ անվրեպ ձայնագիր մեքենան։ Փորձը ցույց է տալիս, որ մեքենայի նիշած ց և չ ձայները, երբ գլանի ընթացքը շրջում ենք՝ հնչում են իբր տս և տշ, որով պարզ է, թե ց-ն և չ-ն պարզ ձայներ չեն, այլ ձույլ ձայներ են, երկու բաղաձայների խմբավորում, իրար հարմարած[2]։ Ուրեմն այն կարծիքը, որ հայտնում է Ա. Մեյե մեր ց-ի և չ-ի մասին՝ հիմնվելով իր հնչական համեմատությանց վրա, ձայնագիր մեքենան հաստատում է ո՛չ միայն մեր ց-ի և չ-ի, այլ և առհասարակ մարդկային լեզվի ց-երի և չ-երի մասին։ Այսպես ուրեմն՝ մեր ց-ն որևէ նախնական պարզ ձայնի տարատեսակ արտաբերություն չէ, որ հատուկ է միայն հայ բերանին, այլ տ և ս ձայների ձուլվածք է, ինչպես հաստատում են ձայնագիր մեքենան և մեր դասական բառերի միջնադարյան կերպարանքը։

Մինչև այստեղ մենք գնացինք գիտության հետ ոտն առ ոտն։ Ես հիմա հարց եմ տալիս. արդյոք ց ձայնը մեր միջնադարյան բառերի մեջ առաջին անգամ ԺԳ դարի մե՞ջ է երևցած, թե՞ դրանից առաջ։ Անշուշտ դրանից առաջ, քանի որ այդ բառերն առնված են խոսուն բարբառից և ոչ թե հնարված են։ Եվ հեստ՝ պետք է այդ բառերը լինեին, որ գրի առնվեին։ Այդ բառերն եղած են ԺԳ դարից առաջ. բայց ե՞րբ են կազմված, քանի՞ դար առաջ։ Ոչ ոք կարող է որոշապես ասել։ Մի բան որոշ է սակայն, հայերեն մի բարբառ ԺԳ դարից առաջ ունակություն է ունեցած անշեշտ վանկի ձայնավորը կորցնելու և եզերական տ և ս ձայներն իրար ձուլելով՝ ց կազմելու։ Հիմա ես տալիս եմ երկրորդ հարցումս. արդյոք ձայներ ձուլելու այդ ունակությունը նո՞ր էր սկսած, թե հին ունակության էր այդ բարբառի համար։ Պացխուն և արցունք բառերը վերջի՞նն են, որ տ և ս ձայները ձուլելով հորինած են ց, թե՞ դրանք առաջին նմուշներն են։ Եվ հետո. արդյոք Կիլիկյան բարբառը միա՞կն էր, որ ուներ այդ ունակությունը, թե՞ այդ հատկությունն ունեին և մեր մյուս

  1. A. Meillet. Escuisse d'une grammaire comparée de l'Armenien classique, 1903, էջ 17 «14.III:
  2. Տե՛ս M. Grammoont, Traite' de phonetique. 1933, էջ 105-108 և այլուր: