ձևը իր շեշտը զարկում է նրան. հա՛տ(ի)– հատի՛։ Այնուհետև ցեղերի խառնուրդով այդ երկու բառերը, որ տարբերացած են և որ սակայն նույն ծագումն ունեն, մտած են հայոց լեզվի գանձարանը և լեզվական տնտեսությունը նրանց տված է տարբեր պաշտոններ, որով հատ նիշած է ցորենի հատիկը և հաց՝ այդ ցորենից պատրաստած հացը։
Ինչպես հնչաբանորեն նրանք ծագում են միևնույն նախաձևից, իմաստաբանական տեսակետով նույնպես նրանք նույն ծագումն ունեն։ Հատ և հաց բառերի նախագրական նույնացումը մեզ փոխադրում է մշակութային պատմության մի շրջան, երբ մարդիկ դեռ հաց պատրաստել չգիտեին և նրանց հացը հատն էր, այսինքն հացահատիկը։ Թափառական մի հայ ցեղ, լեզվական տարբեր հոլովույթի հետևանքով, իր անջատ միջավայրի մեջ վաղնջական հատիս բառը վերջին ձայնավորի սղումով և եզերական տ և ս ձայների ձուլումով դարձրեց հաց, իսկ մյուսը վերը բացատրածս փոփոխությամբ՝ կազմեց հատ (ի). մշակույթային զարգացումը իր կարգին ստեղծեց երկրագործություն և երկանք, հատից ալյուր պատրաստել կարողացան և ալյուրից հաց, որով հացն ու հատը անջատվեցան իրարից իբր տարբեր իրեր և ցեղերի խառնուրդով՝ լեզվի մեջ մտած երկու բառերից մեկը նիշեց ցորենի կամ գարու հատը և մյուսը՝ նրանց ալյուրից պատրաստած հացը։ Կարելի է ասել, որ առաջին անգամ հաց պատրաստեց այն հայ ցեղը, որ վաղեմի հատիս բառն ամփոփեց իբր հաց, որ և դարձավ մեր կերած հացի անունը։ Մենք տեսնում ենք, թե ի՞նչ արդյունքի հասցրեց ց ձայնի լուծումն իր բաղադիր տարրերի։ Նա ո՛չ միայն մեկնեց այդ բառի հոլովույթը, ո՛չ միայն ցուցադրեց հաց ու հատ բառերի վաղնջական նույնությունը, այլև մի պատուհան բացեց մեր մշակույթի հնագույն պատմության վրա։
Առնենք հիմա մեր հունցել բառը, որի բունն է հունց և որ ունի մի ց։ Հունցել նշանակում է ձեռքերը բռունցք արած՝ զանգել շաղված խմորը և թանձրացնել։ Այդ բունի ց-ն լուծելով՝ մենք կստանանք բառի հին ձևը - *հունտիս, որ ամփոփումն է մի ավելի հին *հունտիս ձևի և որ վերջին ս-ի հունչացումով ու չքացումով՝ պիտի տար հունտի, այսինքն մեր հունտ բառի վաղեմի ուղղականը և այսօրվա սեռականը։ Այս լուծումով մենք նորից տեղափոխվում ենք մշակույթային պատմության այն շրջանը, երբ մարդիկ ապրում էին հունտով և հատիկով։ Հունտերը կապիճներից հանելու համար կանայք իրենց բռունցքներով ճեղքում էին կապիճները և այդ գործողությունն է, որ համարված է հունցել, այսինքն՝ հունտել՝ եթե կամենանք մի նոր բառ շինել։ Հավանական է, որ նրանք