եղած (A. Meillet, Esquisse..., էջ 1)։ Այս զորավոր շեշտի ազդեցության տակ մեր վերականգնած բառի երկրորդ վանկի ձայնավորը պիտի սղեր ու չքանար և եզերական տ և ս ձայներն իրար մոտ գալով ձուլվեին և դառնային ց։ Մենք տեսանք, թե անշեշտ վանկի ձայնավորն է, որ սղում է և չքանում։ Մեր վերականգնած բառի մեջ անշեշտ վանկի ձայնավորն է չքացած, հետևապես ձուլման պայմանն իրացած է։
Բառերի վերջին վանկերը տոկունության տեսակետով սովորաբար այն արժեքը չունեն, ինչ որ նրանց մյուս վանկերը, նրանք ավելի շատ են ենթակա փոփոխման։ Սանսկրիտ լեզվի մեջ օրինակ բառերի վերջին տ ձայնը դառնամ է մի պարզ հունչ, որ նիշում են հ գրով՝ տակը մի կետ[1]։ Այս հունչը դյուրավ կարող է ցնդել և ձայնավորը մերկանալ, որով մեր հին[2] հատիս բառը պիտի դառնար հատի: Սա մեր հատ բառի սեռականն է, որ ժամանակի ընթացքին ձգած է իր ի-ն և. դարձած է հատ, ինչպես մեր դասական պատասխանի բառն այսօր դարձած է պատասխան։ Ուրիշ տեղ ես ցույց եմ տված՝ մեր նախագրական լեզվի մեջ եզակի ուղղական ու սեռականը միևնույն ձևն ունեին և նրանց նշանակությունը տարբերվում էր շեշտով միայն[3]։ Միևնույն հատի բառն օրինակ՝ ուղղական էր, երբ շեշտում էր իր առաջին վանկը՝ հա՛տի և սեռական՝ երբ հնչում էր իբր հատի՛: Բնական է, որ առաջին դեպքում ի-ն անշեշտ մնալով՝ պիտի չքանար, որովհետև բաց վանկ էր կազմում։ Եթե նա բաղաձայնով փակվեր՝ կսղեր և կդառնար ը. այսպես ուղղ. սե՛րման, որ դարձած է սե՛րմն, ուր ը չի գրվում, բայց հնչվում է։ Այսպիսով մեր հատիս բառը նախ պիտի դառնար հատ՛իհ, ապա հ-ի ցնդումով՝ հա՛տի և ուղղականի մեջ ի-ի չքացումով՝ հա՛տ։ Բառերի սեռականը վերականգնում է նրանց նախագրական ձևը։
Այսպիսով մեր վերականգնած *հատիս բառը հայ միջավայրի մեջ տարբեր բառարաններում տարբեր հոլովույթի ենթարկված է. մի տեղ նա չքացնելով իր վերջին վանկի ձայնավորը և եզերական տ և ս ձայներն իրար ձուլելով՝ տված է ց և բառը դարձած է հաց. մի ուրիշ լեզվական միջավայրում միևնույն *հատիս բառը վերջին ս-ն հնչելով իբր հ՝ ցնդած է և մնացած է մերկ ձայնավորը, որ շեշտի ազդեցության տակ սղած ու կորած է ուղղական ձևի մեջ և երևում է նորից, երբ սեռական