Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ կենտրոնական գյուղերում վեց տարի։ Այն աշակերտները, որ հնար չեն ունենա վեցամյա ուսումը ստանալու, նրանց կավանդվի լրացուցիչ չորրորդ տարվա ուսում։ Վեցամյա տարրական դպրոցն ավարտողը առանց քննության կարող է մտնել միջնակարգ դպրոցի առաջին դասարանը, ուր ուսումը տևելու է 5-6 տարի։ Այսպիսով տարրական դպրոցը բաժանվելու է միջնակարգ դպրոցից. առաջին վեց տարին ուսումն ավանդվելու է տարրական դպրոցում, իսկ վերջին 5-6 տարին միջնակարգ դպրոցում։ Այն աշակերտները, որ հնար չեն ունենա վեցամյա դպրոցն ավարտելուց հետո մտնել միջնակարգ դպրոց, նրանց կտրվի լրացուցիչ կրթություն՝ յոթերորդ տարվա ուսում։

Նկատի ունենալով դասախոսների սակավությունը և մեր գյուղերի փոքրությունը կարելի է ասել, որ Հայաստանի ընդհանուր կրթությունը դեռ շատ երկար ժամանակ կարող է լինել ամենաշատը չորսամյա, այսինքն երեք նորմալ տարի և մի լրացուցիչ։ Հայաստանը ունի մոտ երկու հազար բնակված վայր և այսօր ոչ ավել քան հինգ հարյուր դպրոց ընդամենը։ Եթե ամեն վայրում իրար վրա երեք դասատու ենթադրենք կստանանք 6000 դասատու, իսկ մենք ունենք այսօր ոչ ավել, քան 1.300 դասատու։ Տասնյակ տարիներ պետք են ամեն վայրում մի քառամյա դպրոց պահելու համար երեք երկու դասատուներով։ Մենք ունենք միայն մի ուսուցչական սեմինար, դեռ նոր սկսված, որ երկու տարի հետո միայն կարող է տալ մեզ 25-30 դասատու։ Այս իրողությունները նկատի առնելով՝ պետք չէ զարմանալ, որ մինիստրությունս տարրական կրթության համար սահմանած է ամենաշատը 7 տարի (վեց նորմալ և մեկ լրացուցիչ) և առայժմ այդ կրթության առաջին չորսամյակը իրագործել։ (Երեք նորմալ և մեկ լրացուցիչ դասարան այն էլ ոչ ամեն վայրում)։

Տարրական դպրոցներում դասավանդելու են հետևյալ առարկաները. հայոց լեզու, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, առողջապահական գիտելիքներ, նկարչություն, երաժշտություն, մարմնամարզ, ձեռքի աշխատանք։ Ամեն առարկայի հատկացված ժամերը կարելի է տեսնել <...> զետեղված տախտակի վրա։ Լրացուցիչ դասարաններում ուժ է տրվում <...> լեզվին և թվաբանության, միակ գիտելիքները, որ ամենից ավելի գործադրվում են կյանքում ձեռքի աշխատանքին հավասար և որոնց հմտացնելը պետք է դառնա տարրական դպրոցի գերագույն նպատակը։ Օտարազգի դպրոցները կունենան հատուկ ծրագիր, քանի որ այնտեղ մտնելու է մի նոր առարկա՝ օտար լեզվի ուսումը, որի պատճառով փոփոխության կենթարկվի դասատախտակը սկսված ուսման երրորդ տարվանից։ Մինչև