միայն հորինողների համար։ Ընդհանրապես դասագրքի մեջ նկատելի է հանգի գերակշռությունը իմաստի վրա, ինչ որ մեծ պակասություն պետք է նկատել։ Նմանաձայն և նույնահանգ բառերի հակումը առաջ է բերում անհաջող հատվածներ, ինչպես «խոտն ու խուրման» (էջ 32), «ա՜յ փեսիկ» (էջ 36)։ Մի տեղ (էջ 37) մանուշակը կոչվում է «նուբար». «նուբարը», որ պարսկերեն, բառացի նշանակում է «նոր պտուղ» և չի կարելի ծաղիկների համար գործ ածել։ Հազիվ թե մանուկները ըմբռնել կարողանան այսպիսի դիմում աղբյուրին (էջ 38). «դու կյանք ես նաշխում». սա մի իմաստասիրություն և մի անհաջող պատկեր է միանգամայն։
«Ընթերցարանի» հատվածների մեջ կան հաջողները, բայց պակաս չեն և անհաջողները. այսպես են մեր կարծիքով «Կաչաղակը» (41), «Դեպի դպրոցը» (42), որ մանուկին տրամադրում է դասի կեսը առավոտյան պատրաստել, «Տատմեր աղվեսը» (45), որ բացատրության կարոտ բառեր ու արտահայտություններ ունի և այլն։
Դասագրքում տեղ են գտել մի-երկու ժողովրդական նյութ, ինչպես «Ուր գնամ» (43), «Լագլագ» (67), «Բյուրեղ» (71), որոնց իմաստը հազիվ թե մատչելի են ոչ միայն մանուկներին, այլև նրանց ուսուցիչներին։ Մեր ժողովրդական բանահյուսության այդ հատվածները, որ հնադարյան դրոշմ են կրում, կարոտ են մանրապատում մեկնության։ Ժողովրդական նյութերից պետք է ընտրել ամենամատչելիները կամ սրանց բոլորովին մատչելի մշակում տալ։
Չնայած իր պակասություններին, այս դասագիրքը մեր կարծիքով կարող է հաջողությամբ գործածվել դպրոցներում։ Հմուտ և բանիմաց ուսուցիչների նկատողությունները ուշադրության առնելով, հորինողները հետագա տպագրությունների ժամանակ կարող են ավելի հմտություն հանդես բերել, քան այս անգամ։ Դասագիրք կազմակերպողները պետք է գիտական և ազգագրական մեծ պատրաստություն ունենան, մանուկների հոգեբանության ծանոթ լինեն նաև տեսականապես և զուգորդեն իրար անձնական փորձառությունն ու տեսական պատրաստությունը։