Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ կկարդա, որովհետև այն ասված է լուրջ և մեծ գրքերի համար։ Այստեղ կան և ուրիշ պայմաններ, հոր և մոր կամայականությունը, ընտանեկան ավելի անբարեհաջող պայմաններ, սակայն նոցա առաջն էլ կարող է առնել կամ մասամբ նոցա ազդեցությունը չեզոքացնել այն ինտելիգենցիան, որ հավակնություն ունի կարծելու, թե մեծ գործ է կատարում, բայց առաջնակարգ նշանակություն ունեցող խնդիրների վրա ուշադրություն չի դարձնում– եթե նա փոքր ի շատե սրտանց կպչի այսպիսի մի բեղմնավոր գործի, այն ժամանակ անկասկած գործը փոքր չափերից մեծ չափեր կընդունի և գործնական օգուտներով ցույց կտա յուր կենսունակությունը։ Համարյա նույնը կարելի է ասել և մեծ գյուղերի մասին– փոքր գյուղերի թե աշակերտները և թե աշակերտուհիները շատ քիչ ժամանակ ունեն դրանց նման բաներով զբաղվելու, մանավանդ աշակերտուհիները, որոնք շուտ են կյանքի հոգսերին ու ցավերին մասնակից լինում, աշակերտները միջոց ունեն ձմռան երկար գիշերները ընթերցանությամբ զբաղվելու, այդտեղ էլ պակասում են ղեկավարները... Այսպիսի պայմաններում են գտնվում մեր ծխական դպրոցների ավարտածները։ Վերևն ասածից երևում է, որ եթե կա անելու անհրաժեշտ բան, այդ կարելի է անել մեծ գյուղերի և գավառական քաղաքների նոր սերունդի հետ, որոնք ինչ գործի էլ մտնելու լինեն, միշտ մի կամ երկու ազատ ժամ ունեն <...> ընթերցանությամբ պարապելու պահանջին բավականություն տալու։

Դառնանք մեր միջոցներին, որ մենք ունենք և որ ցանկալի է ունենալ։ Ժողովրդական ընթերցանության համար մեզ մոտ շատ քիչ գրքեր կան, որոնք զանազան ուղղության են պատկանում և զանազան իրար հակասող «տենդեցիաներ» ունեն։ Այդպիսի գրքերի հրատարակությամբ մեծ մասամբ զբաղվում է մեր ընկ.։ Մենք հրատարակչական գործունեության համար երեք նպատակ կորոշեինք, որոնցից մեկը նա բացորոշ ունի, իսկ մյուսները ցանկալի կլիներ, որ ունենար։ Դոքա են. 1. Հրատարակել հում նյութեր մեր ժողովրդական կյանքի վերաբերյալ, դրանք հետաքրքրվողների շատ փոքր մաս ունեն, 2. Հրատարակել ժողովրդական գրքեր, 3. ինքնակրթության նպաստող գրքեր։ Առաջին տեսակի գրքերն աչքի առաջ ունեն հեռավոր, սպասելի օգուտ, երկրորդ տեսակի գրքերը՝ մոտ, կենսական անհրաժեշտ օգուտ, անձնական և հասարկական բարօրություն։ 3. Նպատակ ունեն զարգացած անհատներ պատրաստելու։ Մենք մանրամասն կանգ առնենք վերջին երկուսի վրա, որովհետև նոքա մեզ հետաքրքրող խնդրի հետ շատ մոտ առնչություն և ուղղակի կապ ունեն։