Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործն առաջ տանելու՝ ծանոթացնելով մանուկներին հայոց լեռների, լճերի, քաղաքների, պատմության և գրականության հետ։ Դերենիկը ռազմական աղմուկների մեջ ժամանակ է գտնում Շեքսպիր, Սուրբ գիրք, Խայամ և միջնադարյան երգիչներին կարդալու և ուսումնասիրելու։ Արշակը շարունակում է իր խմբագրի պաշտոնը․ ձեռք է բերել վստահություն և հավատ․ նյութականը քիչ լավացրել են․ օգուտից % են նշանակել, երբ օգուտ լինի։ Ես էլ մնացել եմ Թիֆլիս․ դարձել եմ միջնորդ զինվորական մարմնի և ազգային բյուրոյի միջև․ ինձ են հանձնում դրամը և ինձանից հաշիվ պահանջում, մի տեսակ ելևմտական նախարար եմ դարձել և օր ու գիշեր դրամի և հաշվի հետ գործ ունեմ, ուստի պիտի ներես երկար լռությունս։

Մերոնք լավ են․ Կուկուն շարունակ զինվոր է խաղում․ կապում է պապի դաշույնը, կախում է իր թուրը, գլխին դնում իմ մորթե փափախը, նստում է իր ձին և գնում Հայաստան Մեր Հայրենիք երգելով։ Աչիկը որ մեծանա պիտի դպրոց գնա, ասում է, իսկ ես զիվոր պիտի լինեմ։ Հրարփին չարչարվում է առաջվա նման։ Ամենքս կարոտով հիշում ենք ձեզ և սիրով բարևում Մայրիկին, որ հուսով եմ թե առողջ է լիովին, Տիկնոջը, որի խնամքն ու հյուրասիրությունը երբեք չենք մոռանալու, երեխաներին, որոնք այնքան սիրում էին մեր փոքրիկներին, և քեզ, որ մեզ հետ միասին ապրում էիր մեր ընդհանուր և ընտանեկան ուրախությունն ու տրտմությունը։ Սիրալիր բարևներ բոլորիդ․ շնորհավոր Զատիկ, քո Նիկոլ։

ԳԱԹ, Հովհ․ Թումանյանի ֆոնդ, գ․ 1653


Հարգելի բարեկամ

Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ ցույց եք տվել կնոջս Թիֆլիս եղած ժամանակ։ Պիտի խնդրեի, որ աշխատանքիս վարձը այդտեղ վճարեք քենակալիս, որից պարտքեր ունի արած կինս։ Ժամանակին կգրեմ նրա հասցեն կամ կուղարկեմ նրան լիազորություն ձեզ ներկայանալու։

Լսեցի, որ Զատկից հետո մտադիր եք իմ հավաքածուն տպագրության տալու, կուզեիք օր առաջ ունենալ նախաբանս։ Զբաղված լինելով՝ այսօր միայն կարողացա ժամանակ գտնել գրելու և ահա ներփակ ուղարկում եմ։

Նորից խնդրում եմ ուշադիր եղեք դեպի սրբագրությունը, որի լավագույն ձևը կլիներ տպագրածը համեմատել ոչ թե ձեռագրի, այլ տպագրի հետ․ (Մուրճում տպածը)։ Սրանով խուսափած կլինեք նաև այն սխալներից, որ անխուսափելի են արտագրության ժամանակ։ Գիտեք,