Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այս կետում բծախնդիր եմ, չէի ցանկանա ինքս անփույթ երևամ ընթերցողին, երբ հաճախ խոսել եմ ուրիշների անփութության մասին։

Հուսալով, որ հրատարակությունը կկատարվի խնամքով և ձեզ վնաս չի բերի, ցանկանում եմ հաջողություն ձեր գործին, որ այս անգամ նաև իմ գործն է։

Հարգանքով՝ Ն․ Աղբալյան

20/4

ԳԱԹ, Գ․ Լևոնյանի ֆոնդ, գ․ 2644


1921, մարտ 15
Էջմիածին

Սիրելի Սիմոն,

Կխնդրեմ կարգադրես (եթե հնարավոր է), որ այստեղ ինձ տասն և հինգ (15) փութ գարի տան իմ ստանալիքի հաշվին։ Այստեղ ես մի <կոմբինացիոն> արի - ինձ համար կցանեն։ Թող ինձ այստեղ տան այդ գարին, հետո այդտեղից կուղարկեք։ Հատուկ խնդրում եմ չմերժես կարգադրել, թեև գիտեմ ժամանակ կարող ես և չունենալ։ Բայց ես էլ ստիպված եմ երեխաներիս հացի մասին հոգալ վաղօրոք․ ո՞վ գիտե ինչ է սպասում ինձ։

Քո Ն․ Աղբալյան (ստորագրություն)

P․Տ․ Լսեցի, որ Եր․ Տեր Մինասյանին հեռացնում եք, թե <հեռացրել> եք իր պաշտոնից։ Ցավում եմ, նախ որ ինձ չեք հարցնում, և երկրորդ, որ չեք գնահատում մարդկանց (եթե իհարկե լսածս ճիշտ է)։ Նկատի ունեցեք, որ այդ մարդը միակ ասորագետն է մեզանում և ասորական գրականության մասնագետ․ երկրորդ և գուցե ըստ հմտության առաջին աստվածաբանն է մեզանում․ աստվածաբան գիտական իմաստով, այսինքն հմուտ եկեղեցական պատմության, հնության և գրականության։ Այսպես մի մարդ պետք է խնամվի և պաշտպանվի ամեն տեսակ կառավարության կողմից։ Ամենքս մարդ ենք և ունենք պակասություն, բայց մարդկանց պետք է գնահատել նրանց առավելության համար, նրանք պետք է նկատվեն իբր քաղաքակրթական ազդակներ և ուժեր։

Քո Ն․ Աղբալյան (ստորագրություն)։

ՀԿՄՄ, Ն․ Աղբալյանի ֆոնդ