գտիր ու գնիր, ծախքն ուղարկիր ինձ, ես անմիջապես կփոխադրեմ քեզ։
Հուսով եմ թե կհասկանաս վիճակս և ամեն ջանք կթափես հաջողացնելու նրանց համաձայնությունը և հիշածս իրերն առնելով՝ կուղարկես նրանց։ Բացի իմ հիշածները, ինչ որ կարողանաս և հարմար տեսնես ուղարկել երեխաներիս ու կնոջս՝ գնիր և ուղարկիր։
Կնոջդ և ընկերներին սիրալիր բարևներ, բարևում են Շանթը և Սաշա Մարգարյան, որ նույնպես մեր վարժարանում պաշտոն ունի։
Սպասում եմ նամակիս պատասխանին և այս ձեռնարկության բարի լուրին։
Քո Նիկոլ
Գուցե իմ գնածներից մի երկու բան կարողանամ ուղարկել քո հասցեով։ Արտանկարելու շատ լավ տետրակներ կան, կարող ես նրանցից ևս ընտրել և ուղարկել․ Հասցե Paris, 18 Rue de vaim. Lefrance et. C:
Սիրելի Կուկու, Աչիկ, Մանչուկ
Մեքսը Ալեքսանդրիայի արևմտյան ծայրն է, երևցողները վերջին տներն են։ Սիմաֆորը նույնն է նավերի համար, ինչ որ սիգնալը երկաթուղիների համար։ Աֆրիկայի ծովափը տափարակի դաշտ է, ծովի վրա եղած նավերը ցամաք տեսնելու համար շատ պետք է մոտենան, իսկ ափին զուգահեռ ընդծովյա ժայռեր կան։ Այդ սիմաֆորը դրած են, որ նավերը դեռ հեռվից, երբ ցամաք չեն տեսնում, նկատեն սիմաֆորը և իմանան, թե ուր է քաղաքը։ Գիշերը սիմաֆորի վրա լույս են վառում, որ մեքենաբար լույս է տալիս և հանգչում, կարծես թե աչքով է անում նավերին, որ զուր չթափառեն դես ու դեն, այլ ուղիղ գան դեպի սիմաֆորը։ Մեքսի մեջ է և Ալեքսանդրիայի հին պարիսպների մնացորդը և բարձը դուռը։
Ձեր հայրիկ
Սիրելի Հրարփիկ
Վերջին նամակդ ես ստացա և իմացա, որ երեխաները լավ են, վարժարանը փոխած են, հիմա ցերեկն են գնում։ Իմացա նաև, որ ըստ