Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա և աննպաստի նպաստավոր մեկնությունները։ Նազարը ոչ ծառա ունի, ոչ կարգին զենք - այդ նրանցից է, որ ամբողջ աշխարհը նրա ծառան է և կարգին զենքով ամեն հասարակ մարդ էլ կարող է քաջություն անել։ Նազարն իր ահից գոռամ է. ճամփորդ գյուղացին կարծում է ավազակներ են գալիս՝ թողնում է ձին ու փախչում։ Հսկաների առաջ նա դողում է սարսափից. նրանք կարծում են բարկացել է և ուր որ է յոթին մի զարկով կվերջսսցնի։ Վագրի մասին լսելիս դուրս է պրծնում, որ ետ փախչի իրենց տուն, կարծում են անմիջապես ուզում է գնա սպանի, այն էլ առանց զենքի։ Նույն մեկնությունը տալիս են նրա փախչելու փորձին, երբ լսում է, թե հարևան թագավորը գալիս է իր դեմ կռվի...

Եվ այսպես՝ մեր Նազարը առանց որևէ մասնակցության իր կողմից՝ իրերի բնական ընթացքով, հանգամանքների հաջող դասավորության և աննպաստի նպաստավոր մեկնության շնորհիվ դառնում է թագավոր և աշխարհը իր բուռն հավաքում։ Ահա թե ինչպես է գործում թախտը և չնչինը դարձնում մեծ ու ոչինչը՝ ինչ։

Կա՞ արդյոք մի հիմք բուն իսկ մարդու մեջ, որ նպաստավոր հող է դառնում այս համաշխարհային և ապշեցնող երևույթի։ Այո՛, կա. ասում է ժողովրդի դարավոր իմաստությունը։ Կա՛, կցում է բանաստեղծը իր հավելումով։

Ժողովուրդը մատնանշում է մարդու հավիտենական հակումը դեպի պատրանքը և ինքնաներշնչումը կամ նախապաշարումը։ Այստեղ ժողովուրդների դարավոր իմաստությունը ձեռք է մեկնում հզորագույն իմաստասերի իմաստության. ես խոսում եմ Կանտի մասին։ Մեկը մերկացնում է պատրանքի հակումը գործնական աշխարհում, իսկ մյուսը իմացական աշխարհում։

Բանաստեղծն իր հերթին մատնանշում է երկու ուրիշ հավերժական գծեր մարդկային բնույթի. դրանք են սնափառությունը և ուժին փարելու անբուժելի հակումը։

Կան իսկական հսկաներ - հավատում է ժողովուրդը, բայց կան նաև կեղծ ու պատիր հսկաներ. այդպես են յոթ հսկաներն ու Նազարը։ Բայց նախապաշարումն ու ինքնաներշնչումը այնպես է կուրացնում ամենքի մտքի աչքերը, որ մինչև անգամ իսկական հսկաները կեղծին գերադասում են իրենցից ու դրանով Վախկոտ Նազարին դարձնում են Քաջ Նազար և դառնում նրա ծառան, հլու գործիքը։

Դրան նպաստում է սնափառությունը, ասում է բանաստեղծը, ցանկանալով գերադաս լինել իրարից՝ մարդիկ չեղածը եղած են հռչակում, որ վայելեն ուժի հովանին և դրանով ստեղծում են ուժեղի պատրանքը