Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ստրկանում իրենց իսկ ստեղծած հեղինակության։

Այսպես ինքնաներշնչումն ու նախապաշարումն իբրև պայման և սնափառությունն ու ուժին փարելու հակումը իբրև մղիչ՝ ստեղծում են Քաջ Նազարներ ու բազմեցնում գահերին։ Անասունն ավելի բանական է, քան մարդը, դառնությամբ նկատում է ժողովրդի իմաստությունը. նրա բնազդն ավելի անսխալական է արժեքները գնահատելու գործում, քան մարդու համբավված բանականությունը, որ մի բնական հակում ունի միշտ պատրանքներ ստեղծելու։

Նոր սերունդները նկատում են թագավորների մերկությունը, մխիթարում է մեզ բարի Անդերսենը։ Նկատում են, այո, բայց և ստեղծում են նոր մերկություններ, որ նկատում են ուրիշ մանուկ սերունդներ, ստեղծելով իրենց հերթին նոր փառապանծ մերկություն։

Մի՞թե հնար չկա բուժելու թշվառ մարդկությունը այս ահավոր արատից։ Կա՛, հուսադրում է Քյոնիգսբերգի իմաստունը. բանականության քննությունն է այդ. նա միայն կարող է մեզ հեռու պահել ամեն տեսակ նախապաշարումներից. պետք է քննել այն մեքենան, որ արտադրում է ամեն տեսակ պատրանքներ, պետք է զգուշությամբ վարել այդ մեքենան և մարդիկ եթե չբուժվեն լիովին, առնվազն շատ քիչ կվնասվին, որովհետև պատրանքի հակումը նա ևս բնածին է համարում և կցորդ մեր գոյության։

Այսպիսով այս օրհասական ու համամարդկային ախտի բուժումը ոչ թե բնազդի մեջ է, ինչպես հրահանգում է մեր ժողովրդի իմաստությունը և սկսել են տարփողել մեր դարի քայքայվող դասերի իմաստունները, այլ բանականության խելացի գործադրության մեջ, որ միակ ընդունակն է լուսավորելու մեր միգապատ ուղին տիեզերական անսահմանության այն փոշու վրա, որ կոչվում է երկիր։ Բայց եթե մեզ տան մի երկընտրանք. բնա՞զդ, թե պատրանք, մենք կուսակից ենք բնազդին և դրանով մենք մեզ գզում ենք համամարդկային և ազգային իմաստության ոլորտում։ Իսկ այս խնդրի իդեալական լուծումը մեր կարծիքով հետնյալն է. բնազդը պայծառացած քննական մտքի աշխատանքով։ Պատրանքի վիճակն անցողական է և ամեն խելացի մարդ, որ տենչում է հասնել ինքնագիտակցության բարձունքին, պետք է արագ անցնի այդ միգապատ մթնոլորտից՝ ողջունելու հոգեկան ազատության պայծառ արևը...

«Քաջ Նազարը» մեզ տալիս է մարդկային փոխհարաբերությունների վերլուծությունը, որքան այդ փոխհարաբերությունները կարող ենք նկատել իբր հոգեբանական բարոյական երևույթ։ Եվ մարդ փորձում է հարցնելու, իսկ ի՞նչ վերաբերում ցույց կտա ժողովուրդը, եթե պատմեր