ու փրփրուն լեռնաջրերից, որ հանդարտ ու պարզունակ ջուր է տանում հարթավայրերը. ոչ ջրվեժ ունի գահավեժ, ոչ սահանքներ փրփրադեզ, այլ մեղմ հոսանք։ Նա աղբյուր չէ, որ պիտի դառնա պղտոր ու սրընթաց հուժկու գետ, այլ մի առու, որ ցամաքում է այսօր, բայց թողնում է իր հունը, որով կարող է երբևիցե նոր ջուր անցնել՝ ափերը ձևափոխելով։
Իր շնորհքը աշխատել է ձևի մշակման վրա և նշմարելի հետք է թողել մեր գրականության մեջ. հաջողապես նպաստել է թե հայ արձակի և թե մանավանդ հայ տաղաչափության մշակման գործին. այդ ծառայությունը հաշվի կառնի հայոց գրականության պատմությունը։ Իր ոտանավորը միջին տեղն է բռնում Հ. Հովհաննիսյանի և Վ. Տերյանի արվեստի. ավելի թեթև է ու ճկուն. քան առաջնի կուռ ու ճարտասան տողերը և ավելի պարզ ու ամուր, քան Վ. Տերյանի թանձր ու միգամած շարքերը։
Իր հանգը հաջող է, հաճախ հարուստ, երբեմն անակնկալ, իր հատածները որոշ են, շեշտը համարյա անթերի։ Հ. Հովհաննիսյսսնից հետո Վ. Տերյանը հասանելի է Ա. Ծատուրյանի միջոցով, ոչ թե պատկերների, նյութերի և տրամադրությանց տեսակետով, այլ տաղաչափության, շարքի ճկունության և հանգի։ Սրանով Ա. Ծատուրյանը իր անունը օղակ է անում հայոց բանաստեղծական ձևի մշակման շղթային։ Իր ծառայությունը հայոց թարգմանական գրականության՝ աչքի ընկնող է և երախտագիտության արժանի։ Պուշկին, Լերմոնտով և ուրիշ նվազ կարևոր բանաստեղծներ Ա. Ծատուրյանի շնորհիվ է, որ հայը կարող է կարդալ մայրենի լեզվով. Տուրգենևի «Արձակ բանաստեղծությունները» նրա գրչով հայացան։ Իր թարգմանությունները կատարված և հրատարակված են խնամքով, մի քանիսը շատ հաջող, մյուսների լավագույնը ղեռ չունինք։ Այս ծառայությունն ևս չի մոռանա հայոց գրականության պատմությունը։
Գերեզման է դրվում այսպիսով մի շնորհալի գրական մշակ, որ իր կյանքի մեծ մասն ապրեց օտար աշխարհում, միշտ մնալով հայրենաբաղձ։ Իր անձնական վիճակը իր դեմքին ու պահվածքին տալիս էր մի համեստ տրտմություն, որ անդրադառնում էր և իր տողերում։ Հյուսիսի սառ ու մռայլ երկրում նա հոգով տեսնում էր հայրենի կապույտ լեռներն ու կանաչը ծուփավոր. և կարծես անսալով ներքին ազդարարումին՝ նա եկավ Կովկաս՝ այստեղ փչելու իր շունչը վերջին։ Երկու կարոտ միանգամից լիացրին նրա հիվանդ սիրտը – հայրենիքի և ազատության. և նոր հայության լուսածագին աչքերը հավիտյան փակում է մի համակրելի մարդ, որ սիրում էր մեկը և ապրում մյուսի հուսով։