Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Լևոն Շանթ[1]

Հաջող մտածում է ունեցած Համագգային Ընկերությունը Լ. Շանթի երկերի հրապարակախոսությունը դարձնել առիթ հեղինակի մասին խոսելու։ Հիսունհինգ տարի գրած և ստեղծագործած է Լ. Շանթ, բայց դեռ նրա մասին հատուկ ուսումնասիրություն չունինք։ Իր այս կամ այն գործի մասին հոդվածներ երևցած են մամուլի մեջ, բայց նրա գրական բովանդակ գործը դեռ հետազոտված չէ։ Եվ ոչ ես պիտի այդ գործը կատարեմ այս հանդեսի մեջ։ Դուք պիտի լսեք յութանասունամյա մի ընթերցողի կարծիքը ութսունամյա մի հեղինակի մասին։

Իր գործը բազմազան է. վեպ, քնարական հատվածներ, թատերակներ, գրաբանական և գրապատմական ուսումնասիրություններ, ընկերաբանական, մանկավարժական և հոգեբանական երկեր։ Ես պիտի խոսիմ գրագետ Լ. Շանթի մասին, բառի նեղ իմաստով։

Տարբեր սեռի գործեր են Լ. Շանթի գրական վաստակները, բայց ամեն տեղ միևնույն մարդն է և միևնույն ներքին աշխարհը։ Բուն իմաստով մտավորական է Լ. Շանթ, այսինքն մի մարդ, որի միտքն աշխատում է հանրային և իմացական կյանքի խնդիրներ դնել, պարզաբանել և լուծել։

Իր միտքը կազմավորված է որոշ ժամանակ և որոշ ուղղությամբ։ Ութսունական թվականները բնական գիտությանց հաղթանակի տարիներն են, երբ մեկը համարձակ հայտարարում էր. միտքը ծորում է ուղեղային բջիջներից այնպես, ինչպես մեզը երիկամունքից. իսկ մի գերմանացի բնախոսի ասելով ժder Mensch ist, was er ist, այսինքն՝ մարդն է, ինչ որ ուտում է... Մեքենական պատճառականությունն իշխում է տիեզերքի մեջ։ Կա շատ բան, որ անհայտ է դեռ, բայց չկա ոչ մեկ խորհուրդ, կա ուժերի բարդ խաղ և փոխագդեցաթյուն, բայց չկա իմաստ տիեզերքի մեջ։ Մտքերի վրա տիրաբար իշխում էր Դարվին և իր տեսությունը բնական ու սեռական ընտրության և գոյության կռվի մասին։ Այս աշխարհիմացությունը քաղքենի դասի իմացական կառուցումն էր, որ ազատագրում էր մարդուն Վերինի խնամքից և գնում էր նրան գոյության պայքարի մեջ բնության և իր նմանի հանդեպ։ Պատանեկան խանդով

  1. Աղբալյան այս վերլուծումը կատարած է 1947ին, Բեյրութի «Կրան-Թեաթր» թատրոնին մեջ տրված հարգանքի երեկույթի մը ընթացքին։ Դասախոսության բնագիրը չունինք ձեռքի տակ։ Ներկա գրությունը տպված է Հալեպի «Նայիրի» և Բեյրութի «Ազդակ Շաբաթօրյակի» մեջ։