անվրդով իր աղջկական ճերմա՜կ ճերմա՜կ անկողինն էր մտած և ավազակի պես զորաբար հափշտակեց նրա սերը կուսական - ծվեն-ծվեն դարձնելով հանդերձները նուրբ և պոկելով բոլոր հանգույցները, որ խանդոտ՝ թաքցնում էին նրա մարմինը թա՜րմ, փարթա՜մ։
Հիմա պագշոտ արևի դեմ, որ քամու պես ցոփ է, գոշ՝ հոլանի է երկրի կուրծքը արգավանդ և արևը տարփատենչ՝ արձակում է իր հրերը առոգիչ, ու լիրբ քամին բախտից խելառ, ցնորած, մեկ պատմում է գիշերին անցածը, թող արևը կատաղի– մեկ իր վայրի կյանքը ապրած, թող երկիրը նախանձի, թե ինչ անցյալ է ունեցել, ի՜նչ գիշերներ, գաղտնիքներ՝ հեռու՜, անհայտ երկիրներուն կրքոտ, առատ, արևոտ...» (էջ 17-18)։
Ահա ձեզ գրության մի նոր ձև, մի երկարաշունչ ոգևորություն, որ ձգվում է գրվածքի առաջին էջից մինչև վերջինը՝ առանց թուլանալու, մի նոր լեզու, մի նոր պատկեր՝ լիովին ներդաշնակ ու զուգահեռ գրվածքի նյութին ու հիմնական գաղափարին...
Հեղինակը զարմանալի հակիրճությամբ գծում է երեք վերաբերում կյանքին.
- «Մեկը կասկածում է, ցավում[1].
- – Ի՜նչ կլինի վաղը։
- Մյուսը ափսոսում է, հիշում.
- - Երնեկ երեկին։
- Մեկն էլ մռայլ է ու պաղ.
- – Սո՜ւտ է» (էջ 37)։
Հեղինակը ոչ վարանում է, ոչ ափսոսում և ոչ հոռետես է. կյանքն ու աշխարհը նրան հիացնում են, հարբեցնում միայն նրանով, որ կան, որ սերն ու մահն են նրա առանցքի բևեռները։ Արևազուն թագավորը իր փառքի մեջ սարսում է մահից, բայց հենց որ զարթնում է սիրո զգացումը նրա հոգում՝ իսկույն վերափոխվում է, աշխույժ ու եռուն՝ մտնում է կյանք և որոնելով երազ-աղջկան՝ սիրում ու սիրվում է շատ անգամ ու շատ տեղ, բայց միշտ թարմ, միշտ զորեղ զգացմունքով։ Հանդիպումը ուրախություն է բերում, իսկ անջատումը տրտմություն չունի. սերը դառնում է մի օրհնություն և փրկություն մռայլ մտքերից. իր սերն ապրելն արդեն դառնում է մի կյանք հեշտին ու գեղեցիկ, առանց պարտավորությանց ծանր բեռի և խղճահարության խիթերի։ Նա ամեն տեղ երջանկություն է տանում. «և նա, որ ճաշակում էր նրա սերը հզոր՝ հեքիաթի մեջ էր ընկնում և նա, որ հեռանում էր նրանից՝ օրհնում էր նրան» (էջ
- ↑ Մենք ուղղում ենք կետադրությունը, որ չափազանց անխնամ է։