նա դառնա փոշի և կորչի անհետ, որովհետև անկումը նույնքան խորն է, որքան վերից են ընկնում։ Պիտի գտնե՞ն իրենց ներսը այնքան ուժ՝ թե մեր հեղինակը և թե այն սերունդը, որի հայտարարն է նա, որ կարողանան տոկալ մեր կոպիտ կյանքի հարվածներին և փորձիչ ոստայնից խուսափեն՝ ստեղծելու համար մի խելացի, առույգ ու գեղեցիկ նոր կյանք...
Ի խորոց սրտի կցանկանայինք, որ հայի դարավոր ճակատագիրը ջնջվեր նրանց երեսից և մեր ազգի ողբալի անցյալը չծանրանար նրանց մատաղ ուսերին..
Նշանավոր հեղինակի մասին գրել, նշանակում է վերծանել ու մեկնել նրա գործը. սկսնակ մեկի մասին խոսել, նույնն է, թե հանձնարարել նրան ընթերցողի ուշադրության։ Մեկը կարիք չունի ուշադրություն գրավելու. նա հռչակված է արդեն. մյուսը պետք է ուշադրություն գրավե, որ հռչակ ստանա։ Մեր նպատակն է ընթերցողի ուշադրություն գրավել այս երիտասարդ հեղինակի վրա, հռչակ շահելը թողնելով իր շնորհքին ու ճիգերին։
Վերջին տասնամյակը մեզ բերեց մի քանի արձակագիր հեղինակներ՝ Ռեն, Կ. Միքայելյան, որ արտաքին իրականությունը հասկանալու և պատկերելու հակումն ունեն։ Սրանք վերսկսում են գրական մի աշխատանք, որի վերջին մշակը նախորդ սերունդից Շիրվանզադեն է մեզանում։ Համեստ են այդ ուժերը, բայց «խմում են իրենց բաժակով», խոստումնալից են և դեռ գնալու երկար ճանապարհ ունեն, լինելով երիտասարդ։ Նրանց շարքը դասվելու գալիս է իր համեստ շնորհքով և Ստ. Զորյան։
Որքան և համեստ շնորհքի տեր, բայց այս հեղինակները թարմացնում են մեր գրականության մեջ մի առողջ հակում, իրական կյանքի վերարտադրությունը, որ կարծեք մոռացվում էր գլխովին, հրապարակը զիջելով անձնական ապրումներն ու երազները պատկերողներին։
- ↑ Ստ. Զորյան, Տխուր մարդիկ, Թիֆլիս, 1918, էջ 5-18։