Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կան հեղինակներ, և նրանք վերջերս շատ են մեզանում, որոնց համար արտաքին աշխարհն իբր վերստեղծման նյութ անարժեք է բնավին։ Նրանք հակում չունեն արտաքին իրսւկանությունն ինչպես որ կա՝ ըմբռնել ու մեկնել, նրանք մտահոգված են իրենց անձնական ապրումները վերարտադրելու և երազները կերպարանելու։ Քնարական ոգիներ են դրանք. արտաքին աշխարհի այս ու այն երևույթի առիթով նրանք զեղում են իրենց ներքին բովանդակությունը։

Կան ուրիշ կարգի հեղինակներ, և մեր հիշածները այս կարգին են պատկանում, որոնց համար արտաքին աշխարհն ինքնին վերստեղծման արժանի նյութ է։ Նրանք ձգտում են արտաքին իրականությունը՝ ինչպես որ նա կա՝ հասկանալ և մեկնել իրենց անձնական ապրումների օգնությամբ։ Մի դեռատի կին, սրբի պատկերը կրծքին սեղմած՝ վերին հարկի պատուհանից կամովին վար է նետում իրան ու մահանում։ Ահա մի իրական դեպք։ Դոստոևսկին ճգնում է հասկանալ ու հոգեբանորեն մեկնել այդ փաստը, դիմելով իր անձնական ապրումների օգնության կամ՝ ինչպես ասում են՝ «համակիր փորձին» և գրում է իր «Հեզը» (краткая)։

Ժամկոչ Անտոնին, որ մի կծծի է, տեսնում են իր փակ սենյակում մեռած, ձեռքերը հողոտ։ Ստ. Զորյան փորձում է հասկանալ ու մեկնել այս իրական փաստը։ Ինչպես տեսնում եք, այս կարգի հեղինակները դեմքեր, դեպքեր ու կացություններ չեն հնարում, այլ իրոք պատահածը, իսկապես եղածն աշխատում են հասկանալ և մեկնել ներապրումով։

Ստ. Զորյան այս ուղղությամբ փորձեր է անում։ Նրա ուշադրությունը հածում է առայժմ այս ու այն կողմ։ «Անհասկանալի բաներ շատ են պատահում կյանքում»՝ ասում է նա մի տեղ (ժամկոչ Անտոնը), «Էհ, ինչե՜ր ասեք որ չի պատահում աշխարհում»,- ասում է մի ուրիշ տեղ (Սատանա)։ Եվ իրոք նրան գրավում են «պատահական» և «անհասկանալի դիպվածները», որ աշխատում է իրան ու մեզ համար հասկանալի դարձնել։ Սրանք փորձեր են Ա. Չեխովի ոճով, որի ստեղծագործության նախնական շրջանի եղանակին է հետևում մեր հեղինակը, երբեմն մինչև նույնություն նյութի և ձևի («Զինգերի գործակալի հուշատետրից»), որ չի առնված այս ժողովածուի մեջ։ Համեմատիր նաև ժողովածվիս վերնագիրը– Տխուր մարդիկ և Ա. Չեխովի առաջին գրքույկինը՝ (Хмурые мюди)։ Մենք տեսանք արդեն ժամկոչ Անտոնի «անհասկանալի» դիպվածը։ Ահա և Ակոբ աղան, որ կարճատև փորացավից մեռնում է և հետո պարզվում է, որ դեղել են մարդուն (Սատանա)։ Ահա Պետրոս աղան, որ երկու օր առաջ ողջ առողջ էր, իսկ այսօր պատռած գլխով եկել է հիվանդանոց