Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեշտ, միաժամանակ քաղաքական մեծ հնչողություն խոստացող ճանապարհ, եթե Ազգային խորհրդի ղեկն իրենց ձեռքը վերցնեն Լեռնային Ղարաբաղից ընտրված ԽՍՀՄ հինգ ժողովրդական դեպուտատները՝ Հենրիկ Պողոսյանը, Վաչագան Գրիգորյանը, Զորի Բալայանը, Բորիս Դադամյանը եւ Վահան Գաբրիելյանը, ինչպես նաեւ Հայաստանից ընտրված մի շարք հայտնի դեպուտատներ՝ Սոս Սարգսյանը, Հենրիկ Իգիթյանը, Լյուդմիլա Հարությունյանը, Խորեն Աբրահամյանը, ՍերոԽանզադյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Գրիգոր Խանջյանը, Կարեն Սիմոնյանը, Սերգեյ Համբարձումյանը եւ ուրիշներ։ Օգտվելով դեպուտատական անձեռնմխելիության իրավունքից՝ այս հարգարժան անձինք կարող են գոնե մի որոշ ժամանակով հաստատվել Ստեփանակերտում եւ իրենց վրա վերցնել Արցախի օրինական իշխանության լիազորությունները։ Դա կարող է ժամանակավորապես զսպել զինվորական հրամանատարության եւ ադրբեջանական իշխանությունների կամայականությունները եւ արագացնել մարզային խորհրդի վերականգնումը, հետեւաբար՝ նաեւ Արցախի հարցի քաղաքական լուծումը։ Կլինեն առարկություններ, թե նույնը կարող են կրկնել նաեւ Ադրբեջանից ընտրված ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատները. կարող են, բայց նրանք ստիպված կլինեն Պոլյանիչկոյի պես Արցախում շրջել զրահամեքենաներով, մինչդեռ հայ դեպուտատները ազատ կհյուրընկալվեն մարզի համարյա բոլոր բնակավայրերում, ձեռնարկություններում, դպրոցներում ու մշակութային կենտրոններում եւ վստահաբար տեղում կլուծեն բազմաթիվ գործնական խնդիրներ։ Եթե անգամ այս քայլը չտա սպասված քաղաքական ու գործնական արդյունքը, ապա նման նշանավոր անձանց ներկայությունը գոնե բարոյական մեծ աջակցություն կհանդիսանա արցախահայության համար եւ կօգնի նրան՝ թոթափելու լքվածության հուսահատական զգացումը։ Կարծում եմ, հայ ժողովուրդը լիակատար իրավունք ունի իր ընտրյալներից այդպիսի ազգանվեր ու հույժ անհրաժեշտ ծառայություն ակնկալելու։

«Հայք», 1 հուլիսի, 1990 թ.։

ՀՀԱՆԱ, 28/01.07.90։ Բնագիր։ Ինքնագիր։